26/03/2019 11:25
Հերիք չի կառավարությունը փոփոխություն չի նախաձեռնում, մեր նախաձեռնություններին էլ պոզ ու պոչ եք կպցնում. Գևորգ Պետրոսյան
Ազգային ժողովը այսօր հերթական նիստերի մեկնարկին մերժեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի և կուսակից գործընկերների ներկայացրած «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։ Դրանց գլխադասային՝ ԱԺ առողջապահության, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել։
Պետրոսյանը նախագծերից մեկով առաջարկում էր ընտրովի քաղաքական պաշտոններում ընտրված անձինք, օրինակ, պատգամավորները, իրենց գիտամանկավարժական գործունեությունը շարունակեին իրականացնել անորոշ ժամկետով կնքված պայմանագրի հիման վրա և ոչ թե ժամկետային, ինչպես այժմ է։
«Նախորդ գումարման խորհրդարանում դեպք եղավ, երբ պատգամավոր ընտրված դասախոսին դարձրեցին ժամկետային աշխատող, իսկ երբ այս գումարման ԱԺ-ում նա չընտրվեց, միաժամանակ զրկվեց և պատգամավորական աշխատանքից, և դասախոսական գործունեությունը շարունակելու հնարավորությունից», - նախագիծը ներկայացնելիս հայտարարեց Գևորգ Պետրոսյանը։
Նույն օրենսգրքում մեկ այլ փոփոխությամբ նույն պատգամավորը առաջարկում էր պաշտպանել գործատուների շահերը։ Այսօր Աշխատանքային օրենսգրքով, եթե աշխատողը ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չի ներկայանում աշխատանքի, ապա գործատուն պարտավոր է լուծել նրա հետ կնքած պայմանագիրը, ազատել նրան աշխատանքից։ Պետրոսյանն ասաց, որ այժմ դատական պրակտիկայում կան այնպիսի գործեր, որոնք վերաբերում են ոչ թե աշխատանքի չներկայացած, այլ աշխատանքի ներկայացած, բայց առանց հիմնավոր պատճառի պարտականություններից հրաժարված անձանց։ Այսինքն՝ եկել են աշխատանքի, բայց գործ չեն արել։
«Հիմա մեր առաջարկության իմաստն այն է, որ աշխատողին աշխատանքից ազատելու հիմք լինի նաև աշխատանքի ներկայանալով աշխատանքը չարամտորեն չկատարելը։ Այդ իրավիճակը գործատուի համար վտանգավոր իրավիճակ է։ Այդքան, վարչապետը խոսում է տնտեսությունը հզորացնելու մասին, բայց հնարավոր չէ տնտեսությունը հզորացնել՝ գործատուների իրավաչափ շահերն անտեսելով», - ներկայացրեց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը։
Այս նախագծերին կառավարությունը ևս դեմ էր՝ պատճառաբանությամբ, որ Աշխատանքային օրենսգրքում նոր ու մեծ փոփոխություններ են կատարվելու, որոնք ամբողջությամբ կներկայացվեն խորհրդարան։
«Արդեն 11 ամիս է՝ կառավարությունը Աշխատանքային օրենսգրքում որևէ փոփոխությամբ հանդես չի եկել, հիմա հերիք չի կառավարությունը փոփոխություն չի նախաձեռնում, մեր նախաձեռնություններին էլ պոզ ու պոչ եք կպցնում։ Տպավորություն է, որ նախագծին կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս, Ազգային ժողովը ստիպված է հետևել այդ վարքագծին։ Ես խնդրում եմ օրենսդրական գործընթացին վերաբերվել լրջությամբ», - հայտարարեց Պետրոսյանը։
ԱԺ առողջապահության, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ, «Իմ քայլից» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ հանձնաժողովի նիստում մասնագիտական քննարկումներ են ծավալվել, և Գևորգ Պետրոսյանին առաջարկվել է այլ կարգավորում, որի շուրջ ինքը համաձայնել է և որի մասին ԱԺ ամբիոնից չի բարձրաձայնում։ Տիգրանյանը նաև ասաց, որ խորհրդարանը չի կաշկանդվում կառավարության եզրակացություններով։