26/03/2019 17:21
Կան մանր ու միջին չինովնիկներ, ովքեր չեն գիտակցել հեղափոխության էությունը. Իշխանական պատգամավոր (Տեսանյութ)
Հեղափոխությունից անցել է 11 ամիս, բայց միջին օղակում կան պաշտոնյաներ, որոնք չեն գիտակցում դրա էությունը, այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
Պետական պաշտոնյաները, ովքեր չեն գիտակցել հեղափոխության ազդակները, մարզերից են։
«Այստեղ մանր ու միջին որոշ պաշտոնյաներ որոշել են բանեցնել չինովնիկի կեցվածք, չինովնիկի ձեռագրով ու չինովնիկի ոճով։ Ցավոք սրտի, քաղաքացու մոտ այս վարքագիծը առաջացնում է մի այնպիսի տրամադրություն, որ ոչինչ չի փոխվել։ Ժամանակին որոշ քաղաքական հայրերի հովանավորությամբ պաշտոններին ու աթոռներին հավակնած ու դրանք զբաղեցնող չինովնիկները չեն փոխվել», - հայտարարեց Բաղդասարյանը։
Պատգամավորը նկատեց՝ զարմանալի է, որ այդ չինովնիկները քաղաքացիների հետ խոսում են քամահրանքով այն դեպքում, երբ երկրում մարդը գերագույն արժեք է։
«Այդ տրամաբանությունը պետք է կոտրել իսպառ, անկախ նրանից, թե ով որ ճամբարում է, մարդը Հայաստանում գերագույն արժեք է։ Այն, ինչ գրված է օրենքում, պետք է ի կատար ածվի», - նշեց պատգամավորը։
Նրան բարկացրել էր նաև այն, որ պատգամավորներն իրենց գործը թողած տեղային ինչ-որ խնդիրներ են փորձում լուծել, այսինքն՝ անում այն, ինչ պետք է անեն այդ պաշտոնյաները։
Բաղդասարյանը կոչ արեց քաղաքացու հետ չխոսել վերամբարձ տոնով, քանի որ նրանց տերը հենց քաղաքացին է։
«Հասկացեք՝ Հայաստանը օրենքի երկիր է, Հայաստանում գործելու է օրենքը և վերջ», - հավելեց իշխանական խմբակցության պատգամավորը։