26/03/2019 12:47
Կենսաթոշակների մասին հարցը ԱԺ նախագահին ստիպեց ընդդիմությանը մեղադրել դեմագոգիայի մեջ (Տեսանյութ)
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կենսաթոշակների շեմը 25 500 դրամ սահմանող նախագծի քննարկումներից զարմացած էր, ինչը չթաքցրեց։
«Ես ցանկանում եմ իմ տարակուսանքը, զարմանքը արտահայտել այն ուղղության, մթնոլորտի առնչությամբ, որով գնաց այս հարցի քննարկումը։ Անկեղծ ասած, զարմացած եմ։ Հիմա կառավարությունը բերել է մի նախագիծ, որը 18 հազար մարդու համար հարց է լուծում և հնչում են քննադատություններ՝ բա էն մնացա՞ծը», - արտահերթ ելույթում արձագանքելով քննարկումներին հայտարարեց Ա.Միրզոյանը։
Նրա խոսքով, կապ չունի, թե ինչքա՞ն է աշխատել անձը և որքան աշխատանքային ստաժ ունի, խնդիրն այն է, որ նա սովամահ չլինի։
«Չէ՞ որ անձը իրավունք ունի նվազագույն ծախսեր հոգալ և այս նախագիծը հենց այդ մասին է։ Ես հասկանում եմ, որ կամերաների առաջ հաճելի է ունենալ, ներեցեք, դեմագոգիկ ելույթներ։ Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ մի քիչ ավելի սթափ և սառը վերաբերել այսուհետ նմանատիպ հարցերին», - հայտարարեց Միրզոյանը և իր անունից կոչ արեց երկու ընդդիմադիր խմբակցություններին դեմ քվեարկել օրենքի նախագծին։
Նշենք, որ Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծով կառավարությունն առաջարկում է նվազագույն կենսաթոշակ սահմանել 25 500 դրամը։ Կառավարության այս նախաձեռնությունը վերաբերում է 18 հազար կենսաթոշակառուի, որոնք այժմ ավելի ցածր են ստանում, քան 25 500 հազար դրամն է։ Այս ծրագրի արդյունքում պետական բյուջեի ծախսերը կավելանան 800 մլն դրամով։ Խորհրդարանական ընդդիմությունը տարբեր բնույթի քննադատություններ ուղղեց կառավարության հասցեին։