26/03/2019 16:55
Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն է գնում Մուհամեդի մոտ. Պատգամավորն առաջարկում է ԱԺ արտագնա նիստ անել Գյումրիում
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ հայտարարությունների ժամին հանդես եկավ յուրօրինակ առաջարկով. «Վաղը ԱԺ այս նիստը կավարտենք և հաշվի առնելով, որ աշխատում ենք թերբեռնված ռեժիմով, ԱԺ խորհրդին, ԱԺ նախագահին առաջարկում եմ քննարկել հաջորդ երկու օրերը կազմակերպել արտագնա նիստ Գյումրի քաղաքում»։
Պատգամավորն ասաց, որ Գյումրու ավագանու հետ կարող են խորհրդակցական ձայնի իրավունքով քննարկում ունենալ, ներկա գտնվել նիստին, ընդունելություն կազմակերպել։
«Ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն է գնում Մուհամեդի մոտ։ Մենք կփորձենք հաղթահարել անջրպետը և քաղաքացիների հետ ուղիղ շփման միջոցով քննարկել լուծելիք խնդիրները», - հավալեց Բագրատյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ կարելի է նոր կարգ ներդնել և հանրապետության տարբեր քաղաքաներում կազմակերպել արտագնա նիստեր։
«Ժողովուրդն ասում է՝ մենք ձեզ ընտրություններից ընտրություն ենք տեսնում։ Կարծում եմ՝ այս կարգի ներդրման դեպքում մարդիկ նման հայտարարություններ չեն անի», - ասաց Բագրատյանը։