26/03/2019 12:38
Անարդարության զգացում կա. Նիկոլայ Բաղդասարյանը` ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությունը կրկին չառաջադրելու մասին (Տեսանյութ)
Իրավական տեսակետից ոչ մի խնդիր չկար Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կրկին Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու համար, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:
«Մի քիչ անարդարության զգացման երևույթ կա մթնոլորտում, որովհետև նախկինում, երբ առաջադրվել էր Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ընդհամենը քվորում չլինելու հետևանքով է, որ տվյալ անձը չի անցել», - նշեց նա:
Պատգամավորի խոսքով, իրավական տեսակետից նրա թեկնածությունը կրկին առաջադրելու խնդիր չէր առաջանա և նախագահն իրավունք ուներ ևս մեկ անգամ թեկնածուին առաջադրել, որի ժամանակ արդեն կլիներ քվորում:
Անդրադառնալով Գոռ Հովհաննիսյանի թեկնածությանը` Ն.Բաղդասարյանն ասաց, որ երկուսին էլ ճանաչում է, երկուսն էլ ունեն բարձր մակարդակի գիտելիքներ այդ պաշտոնը զբաղեցնելու համար:
Դիտարկմանն՝ արդյոք Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը կպաշտպանվի իր թիմի կողմից և նա կընտրվի առաջադրված պաշտոնում` պատագմավորն ասաց. «Չեմ կարող պատասխանել, որովհետև ես ունեմ մեկ ձայն ու դրանով իմ գաղտնի որոշումը կկայացնեմ»:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 23-ին ԱԺ-ում գաղտնի քվեարկության ժամանակ Վահե Գրիգորյանը չէր ընտրվել ՍԴ դատավոր, քանի որ քվեարկությանը մասնակցել էր ընդհամնեը 53 պատգամավոր, որոնցից 23-ը դեմ էր քվեարկել: