26/03/2019 19:20
2020 թ.-ից Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ սկսվելու է «Լավ կառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը
Մարտի 26-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Գերմանիայի միջազգային զարգացման ընկերակցության (ԳՄԶԸ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմպայի գլխավորած պատվիրակությանը:
Տիգրան Ավինյանը գոհունակություն է հայտնել կայուն զարգացման, հանրային և ֆինանսական կառավարման, օրենքի գերակայության ու մասնավոր հատվածի զարգացման ուղղություններով ԳՄԶԸ հետ հաստատված արդյունավետ գործընկերության կապակցությամբ:
Փոխվարչապետը ասել է, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Գերմանիայի հետ համագործակցության շարունակական զարգացմանը` նշելով, որ առևտրի ու ներդրումների, գիտական ու տեխնոլոգիական զարգացման ու այլ ուղղություններով համագործակցության զգալի ներուժ կա: Նա նաև ողջունել է Գերմանիայի պատրաստակամությունը՝ աջակցելու տարբեր ոլորտներում Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումներին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Աննե Քեմպան նշել է, որ 2020 թ.-ից Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ ԳՄԶԸ սկսելու է «Լավ կառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը, որի նպատակն է Հարավային Կովկասի երկրներում պետական և տեղական/համայնքային մակարդակում գործող հանրային հաստատությունների՝ քաղաքացուն ուղղված ծառայություններ տրամադրելու կարողությունների ամրապնդումը:
Զրուցակիցները քննարկել են հանրային կառավարման, տարածքային զարգացման ու տեղական ինքնակառավարման բնագավառներում իրականացվելիք բարեփոխումների գործընթացում համագործակցության հնարավորությունները: