26/03/2019 12:14
Ես ուսանողներից որևէ մեկի առաջ դուռ չեմ փակել. ԵՊՀ ռեկտոր
Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը կարծում է, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իրեն ուղղված չի եղել։
«Վարչապետի հայտարարությանը ես կոմենտարիա չեմ կարող տալ, որովհետև իրեն պետք է հարցնեք, ես իր հայտարարությունը չեմ քննարկում, արտահայտել է ընդհանոր կարծիք՝ ոչ անձնավորված», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Դիտարկմանը, որ վերջին ժամանակներում խոսակցությունները միայն իր շուրջ են պտտվում, ԵՊՀ ռեկտորը արձագանքեց. «Խոսակցությունները միշտ էլ իմ շուրջ են պտտվում, 13 տարի ռեկտոր եմ, 13 տարի իմ շուրջ խոսակցություններ են պտտվում, ես հո ամեն խոսակցության չեմ կարող կոմենտարիա տալ»։
Արամ Սիմոնյանը վստահեցրեց, որ ուսանողների առաջ դուռ չի փակել։
«Ես ուսանողներից որևէ մեկի առաջ դուռ չեմ փակել», - ասաց ԵՊՀ ռեկտորը։
Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, կառավարության երեկվա արտահերթ նիստում հայտարարել էր. «Այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջեր, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայսաստանում անելիք չունեն։ Թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռնեից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն, թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ առաքելություն»։