26/03/2019 13:16
Սրան չենք նայում որպես էական, ֆունդամենտալ հարց. Էդմոն Մարուքյանը` Քաղաքացու օր նշելու մասին
Քաղաքացու օր նշելու համար Լուսավոր Հայաստան խմբակցությունը չի պատրաստվում թեժ քննարկումների մասնակցել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` նշելով, որ նման բանավեճերն ավելորդ էներգիայի կորուստ են համարում։
«Մենք սրան չենք նայում որպես էական, ֆունդամենտալ հարց, որին պետք է հատուկ ուշադրություն դարձնել՝ «կողմ»-ի և «դեմ»-ի հետ կապված: Մենք հատուկ կռիվ չենք տալու, որ այդպիսի օր չլինի, բայց հատուկ կռիվ չենք տալու նաև հակառակի համար։ Մենք կռիվ ենք տալիս, որ մարդկանց կյանքը լավանա, մենք կռիվ ենք տալիս, որ երկրում այնպիսի բարեփոխումներ լինեն, որի արդյունքում նոր աշխատատեղեր կստեղծվեն: Մենք երկրում բարեփոխումների համար ենք կռվի տալիս, որպեսզի մարդանց սոցիալական վիճակն ավելի պաշտպանված լինի, այնպիսի բարեփոխումների համար, որ բանակը հենված լինի հզոր տնտեսության վրա», - ասաց Մարուքյանը:
Նա նշեց, որ անկախ իրենց կամքից, եթե իշխող մեծամասնությունն ուզում է այդ օրը նշել որպես Քաղաքացու օր, ապա այդ օրը կնշվի որպես քաղաքացու օր, որովհետև «Իմ քայլը» խորհրդարանում ունի 88 պատգամավոր:
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ կառավարությունը որոշում էր ընդունել` ապրիլի վերջին շաբաթ օրը այսուհետ նշել որպես Քաղաքացու օր: