27/03/2019 12:11
20 և ավելի տարի մեր հանրային դիսկուրսը եղել է՝ ով ում հետ ունի, ով ում հետ չունի, ով ում ոտի տակը փորեց, ով ում ոտի տակը չփորեց. Փաշինյան
Երբ խոսում ենք ժողովրդավարության մասին, աբսուրդ կլինի, եթե ժողովրդավարություն ասելով՝ կասկածի տակ դնենք որևէ մեկի քննադատելու իրավունքը, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քննադատությունն անառարկելի է։ 20 և ավելի տարի մեր հանրային դիսկուրսը եղել է հետևյալը՝ ով ում հետ ունի, ով ում հետ չունի, ով ում ոտի տակը փորեց, ով ում ոտի տակը չփորեց, հետո որ էս մեկը էս մեկի ոտի տակը փորեց, ով էն մեկին օգնության հասավ ու ով հող բերեց, շուտ լցրեց էդ մեկի ոտի տակ, ով որտեղ ինչ սեփականաշնորհեց, ով որտեղ ինչ թալանեց», - ասաց վարչապետը։
Նա ընդգծեց՝ դիսկուրսի որակը պետք է փոխվի։
«Մեր երկրում 23 տարի անընդհատ եղել է հեղափոխության, իշխանափոխության սպասում, որ հեսա՝ աշնանը մի բան ըլնելու ա, ու դա բխել է իշխանության ոչ լեգիտիմ բնույթից», - նշեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետի խոսքով՝ մարդ կա, որը 1996 թվականից հարցազրույց է տալիս ու ասում է նույն բանը։
«Ուղղակի անուն-ազգանուններն են փոխվում, ուրիշ ոչ մի բան չի փոխվել, դա անիմաստ դիսկուրս է, դա ժամավաճառություն է», - ասաց նա։
Նա ասաց, թե չի կարող որևէ մեկին արգելել դուրս գալ հին դիսկուրսի ոճից։
«Իմ հայացքն է դրա վրա, որ իրենք ուղղակի երկրի պրոցեսից դուրս են մնում, իրենք ինչպես էն ժամանակ, հիմա էլ չեն հասկանում՝ ինչ է երկրում կատարվում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։