29/03/2019 13:37
Հայկական հումանիտար առաքելության ներկայացուցիչները սննդի և անհրաժեշտ այլ պարագաների պակաս չունեն. Նազելի Էլբակյան
Մամուլի հրապարակումները, որ Սիրիա մեկնած հայկական հումանիտար առաքելությունը շատ վատ կենցաղային պայմաններում է գտնվում՝ ոչ միայն բնակության պայմանների և անվտանգության, այլև սնվելու առումներով, իրականությանը բացարձակապես չեն համապատասխանում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանը։
«Մենք ամենօրյա կապի մեջ ենք հայկական հումանիտար առաքելության ներկայացուցիչների հետ։ Այն տարածքը, որտեղ նրանք բնակվում են, ամբողջությամբ նորոգված է, ապահովված են կենցաղային բոլոր անհրաժեշտ պայմանները։ Հայկական մարդասիրական առաքելության ներկայացուցիչները սննդի և անհրաժեշտ այլ պարագաների պակաս բացարձակապես չունեն», - հավաստիացրեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք՝ ըստ «Հրապարակ» թերթի ունեցած տեղեկությունների՝ հայ խաղաղապահների ներկայացուցիչը պատմել է, որ, ի տարբերություն ՆԱՏՕ-ի հովանու ներքո հանդես եկող հայ խաղաղապահների, Սիրիա մեկնած մեր հումանիտար առաքելությունը շատ վատ կենցաղային պայմաններում է գտնվում ոչ միայն բնակության պայմանների և անվտանգության առումով, այլև տարրական սնվելու՝ «իրենց հետ տարած պահածոներն են ուտում»։