01/04/2019 18:26
Աթաթուրքի քաղաքը մերժեց իսլամամետ ուժին. Ռուբեն Մելքոնյան
ՏԻՄ ընտրություններն Էրդողանի համար շատ մեծ կարևորություն ունեն, քանի որ նա ինքը քաղաքականություն մուտք է գործել ՏԻՄ ընտրությունների միջոցով՝ դառնալով Ստամբուլի քաղաքապետ։ Ընդհանուր առմամբ, այս ընտրությունները Թուրքիայում գերքաղաքականացված էին և հաճախ դուրս էին գալիս զուտ տեղական ինքնակառավարման տարբեր խնդիրները կանոնակարգելու սահմաններից, Aysor.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն՝ անդրադառնալով երեկ այդ երկրում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյուքններին։
Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է Ստամբուլին, այստեղ խնդիրը մի փոքր հստակ չէ, քանի որ իշխող կուսակցությունը բողոքարկել է ընտրությունների արդյունքը՝ հույս ունենալով, որ ձայների վերահաշվարկի պարագայում հաղթանակն իր կողմը կլինի։
Իսկ ահա Անկարայի դեպքում իշխանության ներկայացուցչի պարտությունը, ըստ Մելքոնյանի, պետք է դիտարկել երկու տեսանկյուններից։
«Անկարան հանրապետական Թուրքիայի մայրաքաղաքն է և ասոցացվում է Քեմալ Աթաթուրքի, աշխարհիկության հետ։ Իսկ աշխարհիկությունն ու Աթաթուրքն այս իշխանության կողմից, ըստ էության, չընդունված գաղափարներ են, և եթե գաղափարախոսական ենթատեքստ տեսնենք, ապա Աթաթուրքի քաղաքը մերժեց իսլամամետ ուժին», - ասաց թուրքագետը։
Նա միաժամանակ հիշեցրեց, որ մի շարք բնակավայրերում Ժողովրդահանրապետական կուսակցությունն ունի ավանդական ներկայություն, և այդ վայրերից մեկն էլ հենց մայրաքաղաք Անկարան է։
«Եթե եղած ռեսուրսին գումարում են հմուտ քարոզարշավը և քիչ թե շատ ներկայանալի թեկնածու են ունենում, կարողանում են հաջողություն արձանագրել։ Բոլոր այն քաղաքները, որտեղ հաղթել է ընդդիմությունը՝ հանրապետական-քեմալական կուսակցությունը, ըստ էության իրար են միացել այս երեք գործոնները՝ քեմալական ուժերի հանդեպ համակրանք, լավ քաորզարշավ և նոր, հետաքրքիր թեկնածու։ Այս մոդելն աշխատել է նաև մայրաքաղաքի պարագայում», - ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ հավելելով, որ մեծ քաղաքներում Էրդողանի կուսակցության տարած պարտությունը որոշակի հոգեբանական լիցք է հաղորդելու ընդդիմությանը և հակառակը՝ հարցականներ և ճգնաժամ է առաջացնելու իշխանության մոտ։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թեև հաղթանակ է տարել, սակայն պարտվել է մայրաքաղաք Անկարայում, ինչպես նաև երկրի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում: