02/04/2019 11:10
Մենք կհարձակվենք այն ժամանակ, երբ մեզ կպարտադրեն հարձակվել. ԱԺ պատգամավոր
Ես հիմք եմ ընդունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածն այն մասին, որ նա կարդացել է ապրիլյան պատերազմի վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր՝ հատկապես հետախուզության կողմից տրամադրված։ Այստեղ, իհարկե, անելիք կա, որպեսզի հասկանանք՝ ապրիլին տեղի ունեցածին ինչքանով էինք պատրաստ։ Եթե կան մեղավորներ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի մեղավորների բացահայտման, նրանց պատժելու թեմային։
«Եթե հիշում եք, որոշ պաշտոնյաներ ազատվեցին, բայց ապրիլյան պատերազմը միայն պաշտոններից ազատելու կամ նշանակելու խնդիր չէ։ Մենք պետք է հասկանանք՝ որտեղ ենք թերացել, և դա միայն մեր ներքին խնդիրը կարող է չլինել։ Մենք պետք է հասկանանք, թե հակառակորդը նման հնարավորություն ինչպե՞ս ունեցավ, որովհետև այդտեղ արտաքին քաղաքական գործոնը, եթե կա, պետք է տեսանելի լինի, որպեսզի հետագա բանակցություններում ճիշտ շեշտադրումներով նստենք բանակցային սեղանի շուրջ», - ասաց ԱԺ պատգամավորը։
Հարցին՝ այսինքն չի՞ բացառում, որ ապրիլյան պատերազմը պայմանավորված պատերազմ է եղել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ կարծում է, որ նման դեպքերում պետք է ամբողջական վերլուծություններ և ուսումնասիրություններ կատարվեն։
Հաջորդ հարցին՝ որքանով ենք մենք պատրաստ նոր պատերազմի հանուն նոր տարածքների՝ խորհրդարանականը պատասխանեց.
«Նոր տարածքներ ինչի՞ համար։ Մենք այն կարմիր գիծը, որ գծված է և կոչվում է անվտանգության գոտի, պետք է ամուր պահենք, մինչ կհասնենք խաղաղության արժանապատիվ լուծմանը։ Մենք կհարձակվենք այն ժամանակ, երբ մեզ կպարտադրեն հարձակվել։ Մենք երբեք ավելորդ տարածքի կարիք չունենք։ Մենք կհարձակվենք այն ժամանակ, երբ հակառակորդի կողմից կհայտնվենք կրակի տակ։ Դրա համար բանակը պետք է պատրաստ լինի ցանկացած մարտական խնդիր լուծելու։
Մենք ունենք պաշտպանական հայեցակարգ, բայց դա չի նշանակում, որ հակառակորդը կարող է հրթիռակոծել մեր տածքները և մնալ անպատիժ։ Այստեղ ադեկվատ պատասխանի խնդիրն է։ Հակառակորդը պետք է իմանա, որ մենք տիրապետում ենք այնպիսի հմտությունների, որ իրենց ագրեսիային միշտ կարող է պատասխան հետևել», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։