04/04/2019 11:49
Վարչապետը վերջին զգուշացումն արեց օլիգարխներին, այլապես «հակահարված կստանան ծնոտին». Տեսանյութ
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն տեղեկությանը, թե ավտոգազալցման կայաններում թանակցում է տեղի ունեցել։
Նա նշեց, որ պարզաբանումներ ստանալու համար հրավիրել են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին:
Վերջինս էլ նշեց, որ, որպես այդպիսին, գազի գնի փոփոություն տեղի չի ունեցել:
«Ամսական միջին հաշվարկներով վերջին տարիներին գազի խտությունը 7,1 է եղել, բայց վերջերս դարձել է 7,9, սակայն տնտեսվարողները ծրագրային փոփոխություններ չեն կատարել», - ասաց նա՝ ավելացնելով՝ տնտեսվարողները զգուշացվել են, որ կատարեն անհրաժեշտ փոփոխությունները:
«Սա որակում ենք միտումնավոր կամ ոչ միումնավոր չարաշահում», - ասաց Կոտոլյանը:
Վարչապտ հետաքրքրվեց՝ արդյոք սա կարող է կապված լինել գազալցակայանների ստվերի և չարաշահումների դեմ պայքարի հետ և տնտեսվարողները իրենց դժգոհությունը հայտնելու համար այսպիսի «իրենց խելքով» պրովոկացիոն գործողությունների են գնում:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արձագանքեց՝ հնարավոր է։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, թե ուշադրություն է դարձրել է՝ մանիպուլյատիվ տեղեկություններ են տարածվում, որ կառավարության գործողության արդյունքներում գազի գինը փոխվել է և, իբրև թե, դա կապված է ընդունած օրենքի նախագծով, այնինչ, նրա խոսքով, օրենքը նույնիսկ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ չի քննարկվել և եթե նույնիսկ ընդունվի, չի կարող հանգեցնել գազի գնի բարձրացման:
«Ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել, պետական մարմինների արձագանքը պետք է կոշտ լինի, եթե որոշ նախկին օլիգարխներ մտածում են, որ կարողանալու են այս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, սխալվում են, ես վերջին անգամ ուզում եմ զգուշացնել, որ մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանան անձնապես՝ բոլորը առանց բացառության: Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու համար, ես շատ ուղիղ և հասցեական եմ սա ասում» - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ուսումնասիրել և պատժել մանիպուլյացիաներ անող տնտեսվարողներին:
«Ստվերի դեմ պայքարում մենք կոմպրոմիս չունենք, չլինի գազալցակայան, որ ՀԴՄ չտպի, եթե պետք է գազալակայանները ՀԴՄ խփելով սնանկանան, թեև դա հնարավոր չէ, ապա թող սնանկանան: Ժողովրդի, պետության հաշվին ապօրինի հարստացող մարդիկ չեն լինելու Հայաստանում և ուզում եմ հստակ այս ամենը արձանագրենք», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե սա ազգային անվտանգության հարց է և ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին հանձնարարեց ուշադրություն դարձնել այս թեմային:
«Եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է։ Հույս ունեմ, որ այս հարցում կկարողանանք կոնկրետ արդյունքներ ապահովել», - ասաց Փաշինյանը։