09/04/2019 17:40
Ադրբեջանին չեխական հաուբիցների մատակարարումն իրականացվել է երրորդ երկրների միջոցով. Չեխիայի ՊՆ
Ադրբեջանին չեխական արտադրության «Դանա» ինքնագնաց հաուբիցների մատակարարումը ոչ մի կերպ չի իրականացվել Չեխիայի Հանրապետության կողմից, այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը։
«Առաջին հերթին պետք է ասեմ, որ Չեխիայի Հանրապետությունը կատարում է ինչպես միջազգային, այնպես էլ՝ Չեխիայի օրենսդրության պահանջներն ու հստակորեն վերահսկում արտահանումների լիցենզավորման գործընթացը։ Հաուբիցների մատակարարումը ոչ մի կերպով չի իրականացվել Չեխիայի Հանրապետության կողմից։ Այն իրականացվել է երրորդ երկրների միջոցով։ Մենք կատարում ենք միջազգային էմբարգոյի բոլոր պահանջներն ու ոչ մի լիցենզավորում չենք տալիս Ադրբեջան ուղղված մատակարարումների համար»,- ասաց Չեխիայի պաշտպանության նախարարը։
Նա ընդգծեց, որ 2016-17թթ. ընթացքում մի շարք դեպքերում լիցենզավորում ստանալու դիմումներ են եղել Չեխիայից արտահանելու ինչպես նշված հաուբիցներն, այնպես էլ՝ այլ կայանքներ, բայց Չեխիայի պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության առաջարկությամբ այդ դիմումները մերժվել են։
Նշենք, որ Ադրբեջանի կողմից չեխական «Դանա» հաուբիցների գնման մասին հայտնի դարձավ դեռևս 2017թ.։
2018թ. հուլիսին հարցին անդրադարձել էր նաև ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։