09/04/2019 18:08
Չեխական արդյունաբերությունը ՀՀ պաշտպանական ոլորտին շատ բան ունի առաջարկելու, այդ թվում՝ ամենաարդիական արտադրատեսակները. Չեխիայի ՊՆ
Հայաստանի ու Չեխիայի միջև այսօր ստորագրվել է ռազմատեխնիակական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, այս մասին այսօր Չեխիայի պաշտպանության նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Այս երկար սպասված համաձայնագրի ստորագրումից հետո նոր հեռանկարներ են ստեղծվում ռազմատեխնիկական և ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության համար»,- ասաց Դավիթ Տոնոյանը։
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Մետնարը նշեց, որ Հայաստանը Հարավային Կովկասում Չեխիայի կարևոր գործընկերն է.
«Այս օրերին մեր օրակարգի կարևոր կետերից մեկն է երկկողմ ռազմական համագործակցության շրջանակների մշակումն է։ Պետք է նշել, որ վերջին մի քանի տարվա ընթացքում երկու երկրներ առևտրի բալանսն աճել է մինչև 300 տոկոսով»,- ասաց Չեխիայի պաշտպանության նախարարը։
Նրա խոսքով՝ չեխական արդյունաբերությունը շատ բան ունի առաջարկելու Հայաստանի պաշտպանության ոլորտին և կարող են առաջարկվել այդ ոլորտի ամենաարդիական արտադրատեսակները։