12/04/2019 12:28
Վթարի ենթարկված զինծառայողներից երկուսին կտեղափոխեն Սիսիանի զինվորական հոսպիտալ
Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնում այս պահին շարունակում է բուժում ստանալ երեկ վթարի ենթարկված զինծառայողներից 4-ը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԲԿ-ի տնօրեն Լուսինե Վարդանյանը։
Նա նշեց, որ որոշում է կայացվել 4 զինծառայողներից 2-ին այսօր տեղափոխել Սիսիանի զինվորական հոսպիտալ։
«Նրանցից մեկի մոտ առկա է դաստակի բաց կոտրվածք, մյուսի մոտ՝ մեծ մակերեսով սալջարդեր։ Դաստակի վնասվածքով զինծառայողը երևի թե պետք է վիրահատվի։ Մյուս երկուսի վնասվածքները թեթև են, նրանք մեզ մոտ կմնան ևս 1-2 օր», - ասաց Լուսինե Վարդանյանը։
Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնի տնօրենը միաժամանակ տեղեկացրեց, որ երեկ տեղի ունեցած վթարից հետո իրենց մոտ տեղափոխվել է ընդհանուր առմամբ 20 զինծառայող։ Նրանք բոլորը նախնական բժշկական զննում են անցել, ինչից հետո որոշում է կայացվել հոսպիտալացնել միայն 4-ին։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ՊՆ համարանիշներով ЗИЛ-ը դուրս է եկել ճանապարհի երթեևկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Պատահարը տեղի է ունեցել Մեղրիի վարչական տարածքում գտնվող «Ծիրանի ձոր» վայրում։