15/04/2019 18:50
ԵՄ խորհուրդը վերջնականապես հաստատել է Գազային դիրեկտիվի փոփոխությունների նախագիծը
Եվրամիությունը վերջնականապես հաստատել է ԵՄ Գազային դիրեկտիվի փոփոխությունների նախագիծը, որը թույլ կտա Բրյուսելին ընդլայնել ծովային գազամուղների, մասնավորապես՝ «Հյուսիսային հոսք-2»-ի վերահսկման հնարավորությունները, հայտնում է ԵՄ խոհրդի մամուլի ծառայությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ փաստաթուղթը հաստատվել է առանց քննարկման ինչպես և սպասվում էր: Համապատասխան նորմատիվ ակտերը կհրապարակվեն մոտ ապագայում ԵՄ պաշտոնական ամսագրում և դրանից 20 օր անց նոր օրենքը ուժի մեջ կմտնի:
ԵՄ խորհուրդը նաև ընդգծել է, որ նոր փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո ԵՄ անդամ պետությունները կունենան 9 ամիս դրանք ազգային օրենսդրության մեջ ներդնելու համար:
Միևնույն ժամանակ ԵՄ-ն մտադիր է մինչև 2019 թվականի վերջը կատարել բոլոր տեխնիկական ընթացակարգերը, քանի որ ավելի վաղ Եվրահանձնաժողովի էներգետիկայի գլխավոր տնօրինության ղեկավար Դոմինիկ Ռիստորին հայտնել էր, որ փոփոխված ԵՄ գազային դիրեկտիվը պետք է ուժի մեջ մտնի «Հյուսիսային հոսք 2» -ի շահագործումից առաջ, որպեսզի դրա գործողությունը տարածվի այդ նախագծի վրա:
Սպասվում է, որ «Հյուսիսային հոսք 2»-ը շահագործման կհանձնվի մինչև 2019 թվականի վերջը:
Լրամշակված դիրեկտիվը ԵՄ էներգանորմերը տարածում է երրորդ երկրներից ԵՄ հասնող ծովային գազամուղների վրա, որոնք դուրս են գալիս միության պետությունների սահմաններից:
ԵՄ-ի Երրորդ էներգափաթեթի նորմերի համաձայն՝ «Հյուսիսային հոսք 2»-ի օպերատորը պետք է «Գազպրոմ»-ից անկախ ընկերություն լինի:
Գերմանիան հասել է այդ փոփոխությունների զգալի մեղմացման, քանի որ ամփոփիչ տեքստում նշվում է, որ ռուսական նախագծին այդ նորմերից բացառությունների տրամադրման մասին որոշումը ընդունելու է ոչ թե Բրյուսելը, այլ ԵՄ երկիրը, որտեղ գազամուղը դուրս է գալիս եվրոպական տարածք: «Հյուսիսային հոսք 2»-ի դեպքում դա Գերմանիան է: