15/04/2019 16:26
Ինչո՞ւ վարչապետը չի կատարում խոստումը. Մարուքյանի հարցը ծանր վիճակի մեջ գցեց «Իմ քայլի» պատգամավորին
Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անցյալում հնչեցրած մի միտք։
«Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին կամ 8-ին խորհդրարանում ունեցած իր ելությում՝ պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ։ Մենք մեկ տարի է՝ սպասում ենք այս նախագծին, և ես ուզում եմ ձեր կարծիքն իմանալ՝ ո՞րն է պատճառը, որ վարչապետի խոստումը չեք կատարում, որպես իշխող ուժի վարչության անդամ, արդյոք մի՞տք է փոխվել խոստումից հետո, եթե այո, ի՞նչ ճնշման արդյունքում չեք կատարում այդ խոստումը։ Քաղաքական ի՞նչ հետևանք կարող է լինել տրված խոստումը չկատարելու իմաստով, այսինքն՝ հնարավո՞ր է մյուս խոստումներն էլ չկատարվեն»,- հանձնաժողովի նիստում, Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրինագծի քննարկման ժամանակ, դիմելով Վահագն Հովակիմյանին ասաց Էդմոն Մարուքյանը։
Ի պատասխան Հովակիմյանն ասաց, որ կառավարությունն ինքն է որոշում՝ ինչ կառուցվածքի վերաբերյալ նախագիծ ներկայացնի Ազգային ժողով։
«Կառավարությունն ինքն է ցանկանում նման կառուցվածք ունենալ և դրա համար էլ այսպիսի նախահգիծ է ներկայացրել։ Տվյալ դեպքում կառավարությունը եկել է այն համոզման, որ այս փուլում իր ծրագիրն իրականացնելու համար նման կառուցվածք է անհրաժեշտ։ Կառավարությունը կարող է հետագայում փոփոխություններ նախաձեռնել, բայց հիմա ներկայացրել է այնպիսի կառուցվածք, որպիսին իրեն անհրաժեշտ է»։
Այդուհանդերձ, Մարուքյանը դժգոհ մնաց պատասխանից.
«Ես չեմ վիճարկում կառավարության մենաշնորհը կառուցվածքը ներկայացնելու հարցում։ Ես հետաքրքրվում էի՝ որպես իշխող վարչության անդամ, թեկնածու Փաշինյանը ԱԺ ամբիոնից խոսք է տվել, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը դառնալու են նախարարություններ, հիմա այդ խոստումը չի կատարվել ձեր ուժի կողմից, ինչո՞ւ չի կատարվել, ինչ-որ բա՞ն է ազդել և արդյոք դա չի ազդի ընդհանրապես հավատալու իմաստով։ Այն մարդը, որը խոստում է տվել, կառավարության ղեկավարն է»։
Նիստը նախագահող «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը փորձեց օգնել իր գործընկերոջը՝ Մարուքյանին ասելով, որ սա նիստ է և ոչ թե հարցաքննություն։
Սակայն երկրորդ անգամ հնչեցրած հարցերին Վահագն Հովակիմյանը այդպես էլ հստակ պատասխաններ չտվեց և բավարարվեց ասելով.
«Էդ հարցը դուք հնարավորություն ունեք տալու վարչապետին, և ես համոզված եմ, որ պատասխանը ձեզ լիարժեք կբավարարի և դուք անբավարարվածության զգացողություն չեք ունենա, հաստատ դրանից հետո ամեն ինչ բավարարված կլինի»։
Նկատենք, որ Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրինագիծը և կից ներկայացված նախագծերի փաթեթը խորհրդարանում հերթական նիստերի ժամանակ ներկայացնում է արդարադատության նախարարը, ոչ թե՝ վարչապետը։