15/04/2019 16:11
Ամեն ինչ անելու ենք՝ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար. Նարեկ Սամսոնյան
Ես կողմնակից եմ, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունն ազատագրվի։ Ինձ համար շատ ավել ընդունելի է, որ նրանք ֆինանսավորվեն տեղական միջոցներից, ոչ թե եվրոպաներից ստացած փողերով տրանսգենդերներ «աշխատեն», այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց #sutNikol նախաձեռնության համակարգողներից Արթուր Դանիելյանը։
Նա միաժամանակ շեշտեց, որ իրենք օգտվել և օգտվելու են ակցիաներ անելու իրենց սահմանադրական իրավունքից՝ տեղեկացնելով, որ #SutNikol գրությամբ գրաֆիտիներ պատկերելու իրենց այսօրվա ակցիան իրականացրել են բացառապես իրենց միջոցների հաշվին։
Հարցին՝ իրենց նպատակը ո՞րն է՝ նոր հեղափոխություն անե՞լը, նախաձեռնության անդամը պատասխանեց՝ հին հեղափոխություն չի եղել, որ այժմ էլ նորը տեղի ունենա։
«Ես իշխանության հետ կառուցողական երկխոսության հնարավորություն չեմ տեսնում, բայց հույս փայփայում եմ»,- ասաց նա։
Նախաձեռնության համակարգողներից Նարեկ Սամսոնյանն իր հերթին հերքեց մեղադրանքները, որ իրենք իբրև սնվում են դրսի դրամաշնորհներից։ Նա նման մեղադրանքներ հնչեցնողներին կոչ արեց ապացուցել այդ փաստը։
«Թող ապացուցեն, որ մեզ ֆինանսավորում են Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, այլապես՝ իրենց ասածները մերկապարանոց են։ Կարող եք գալ, հարցնել, մեր ֆինանսավորումը որտեղի՞ց է՝ մենք կասենք։ Հակառակ Դանիել Իոաննիսյանի՝ մենք 400 հազար դրամ աշխատավարձ չենք ստանում»,- ասաց նա։
Նարեկ Սամսոնյանը նաև նկատեց, որ իրենք ամեն ինչ անելու են՝ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար։