15/04/2019 15:46
Նիկոլ Փաշինյանը երբեմն այնպիսի մտքեր է արտահայտում, որոնք համացանցում մեմեր են դառնում. Կոնստանտին Տեր-Նակալյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սուտը կայանում է նրանում, որ նա ասում է՝ Հայաստանում ստվեր չկա, բյուջեն աճելու է 30 տոկոսով, արտագաղթը դադարելու է, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց #sutNikol նախաձեռնության համակարգողներից Արթուր Դանիելյանը։
«Նա բազմաթիվ շերտերի համար հարկային բեռն ավելացրել է՝ բացառությամբ տաքսիստների։ Մինչդեռ ամենամեծ դժգոհությունը հենց այս խավի կողմից է»,- ասաց բանախոսը։
Նախաձեռնության համակարգողներից Կոնստանտին Տեր-Նակալյանն իր հերթին նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը երբեմն այնպիսի մտքեր է արտահայտում, որոնք համացանցում մեմեր են դառնում։
Անդրադառնալով #SutNikol գրությամբ գրաֆիտիներ պատկերելու իրենց ակցիային՝ նա նշեց, որ իրենք այն իրականացրել են առավոտյան ժամը 6։30՝ երթևեկության բնականոն ընթացքը չխաթարելու համար։
Բացի այդ, պատկերներն արվել են ասֆալտին, ոչ թե հետիոտնի անցնելու համար նախատեսված գծանշումների վրա՝ հանրային կարևորության ենթակառուցվածքը չվնասելու համար։
Նրա խոսքով, ՀՀ վարչապետի համար աշխատող ֆեյք կոնտինգենտի վիճակն աստիճանաբար ավելի ու ավելի է բարդանում, քանի որ գործադիրի ղեկավարի նկատմամբ դժգոհությունը գնալով ավելի է մեծանում։
Նախաձեռնության համակարգողներից Նարեկ Սամսոնյանն էլ շեշտեց՝ ինքը խիստ կասկածում է, որ նոր ընտրությունների անցկացման պարագայում Նիկոլ Փաշինյանը 20 տոկոս ձայն կարող է հավաքել։