15/04/2019 11:34
Ոստիկանների կողմից Էդգար Ծատինյանի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հաղորդման հիման վրա Օսիպյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն է նշանակվել
Ոստիկանության բաժնում Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին հաղորդման հիման վրա ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Սոցցանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության Նոր Նորքի բաժնում դաժան ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանը, ապա կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որն իբր ոստիկանները փորձել են «գրպանը գցել», այնուհետև տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնտեղից՝ «Արմենիա» բ/կ, որտեղ ապրիլի 8-ին մահացել է:
Ըստ նախնական բժշկական եզրակացության՝ մահվան պատճառն է սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոմա:
Նախնական տվյալների համաձայն՝ մի քրեական գործի շրջանակում, սպանության կասկածանքով, Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցից ապրիլի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել նախկինում բազմաթիվ անգամներ դատապարտված Էդգար Ծատինյանը, որի ինքնազգացողությունը բաժնում կտրուկ վատացել է, ինչի պատճառով շտապօգնության կանչ է ձևակերպվել, ու վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ, որտեղ հայտնել է, թե չի հիշում՝ ինչ է կուլ տվել: Էդգար Ծատինյանը այնուհետև տեղափոխվել է «Արմենիա» բ/կ, որտեղ էլ ապրիլի 8-ի առավոտյան մահացել է:
Ապրիլի 14-ին ոստիկանություն հաղորդում է տվել Էդգար Ծատինյանի հարազատը՝ հայտնելով, թե ոստիկանները նրան ծեծելով սպանել են, իսկ բժիշկներն օգնություն ցույց չեն տվել:
Հետաքննության մարմնին հանձնարարվել է ստուգել նաև ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված արարքի, այն է՝ սուտ մատնության հատկանիշների առկայությունը:
Միաժամանակ, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ հաղորդման մեջ նշված հանգամանքների ներգերատեսչական ստուգում իրականացնելու համար», ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ սոցցանցում Էդգար Ծատինյանի հետ կատարվածի մասին հայտնել էր նրա քույրը՝ Մարիամ Մկրտչյանը։ Նա մասնավորապես, գրել էր. «Ամսի 6-ն էր, կարծեմ, եղբորս կողքի շենքում տատիկ էին դաժանաբար սպանել, ու քանի որ ախպերս նստած հելած էր, բերման են ենթարկել քաղմաս։ Ցեպիտ են տվել 7 ավտոյով, իրան ու ընկերներին տարել են։ Մտցրել են ներս նախ լխկեեեել են սաղին, ասումա՝ կանդալները քցել էին ձեռներիս, սպանում էին, ասում ա՝ ասում էին՝ որն էր վիրահատված ոտդ ու քացիներով տալիս էին էդ ոտիս։ Ասումա՝ ասեցին գրի, որ դու գիտես՝ որ էս ինչ, էս ինչ մարդն ու կնիկն են սպանել, ասելա՝ չեմ անի տենց բան, ասել են դե ուրեմն Քիսոյին կքցենք ջեբդ, ասելա՝ Քիսոն ովա, ասել են կրիստալը։ Ու քցել են ջեբը, ասել են դե կեթաս 7-ից 15 տարի կնստես։ Ճարը կտրած, վախեցած, խառնված վերցրել, տենց տոպրակով կուլա տվել։ Էդ անտերը 3 գրամա էղել։ Վատացելա ասել են՝ հանկարծ իմացել ենք մեկին ասել ես, որ մենք ենք արել, քեզ մի ձև կսպանենք»։