15/04/2019 11:41
ՊԵԿ տեսուչները տուգանք են արձանագրում այն դեպքում, երբ տնտեսվարողի մոտ խախտում չի հայտնաբերվել. Սամսոն Գրիգորյան
Պետական եկամուտների կոմիտեի տեսուչները տուգանք են արձանագրում այն դեպքում, երբ տնտեսավարողի մոտ խախտում չի հայտնաբերվել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը։
«Քաղաքացիներից, քաղաքացիական շարժման անդամներից բողոքներ ենք ստացել այս մասին, կան նման դեպքեր, չեմ ասում համատարած է, բայց կան, իսկ եթե կան նման դեպքեր, դրանց դիմացը պետք է առնել», - ասաց Սամսոն Գրիգորյանը։
Նա նշեց, որ ՊԵԿ նախագահի հրահանգով՝ այսօր հանդիպում է ունենալու համապատասխան բաժնի պետի հետ ու փորձելու են խնդրին լուծում գտնել։
«Պայքարելու ենք նման երևույթների դեմ, քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների հետ պետք է փորձենք նման դեպքերը բացառել, ամեն ինչ հնարավոր է տեղի ունենա, բայց այդ դեպքերը պետք է բարձրաձայնվեն ու դրանց դիմաց պետք է պայքար լինի», - ասաց «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգողը։
Նա նշեց, թե այն տնտեսվարողները, որոնք տուգանվել են, ստիպված վճարել են տուգանքները։
«Դա տնտեսվարողի թերացումն է, գիտակից տնտեսվարողը կամ քաղաքացին երբեք թույլ չի տա, որ իրենց անիմաստ տեղը տուգանեն, այս դեպքում՝ կա՛մ տնտեսվարողը այլ խնդիրներ ունի, կա՛մ տնտեսվարողը վախեր ունի, կա՛մ նա ուղղակի տեղյակ չէ օրենքներից ու կանոններից, ու թույլ են տալիս, որ տեսուչը նման քայլի դիմի», - նշեց Սամսոն Գրիգորյանը։
Նա ասաց, թե իրենց պայքարի նպատակն այն, որ տնտեսվարողների իրավագիտակցությունը բաձրանա, որ նրանք հասկանան՝ նման քայլը հակաօրինական է։
«Այսօր կհանդիպենք ՊԵԿ համապատասխան պաշտոնյային, գնալու ենք, տնտեսվարողներին փորձենք տեսնել, չնայած, նրանք այն մարդիկ են, որ ավելի շատ փակ են, վախենում են խոսել, ամեն դեպքում, փորձելու ենք հարցերին լուծում տալ, պետք է բացառել սա։ Պետք է գան նրան, որ հարկային տեսուչը շահագրգռվածություն չունենա տուգանք գրելու, նրա համար դա լինի ուղղակի աշխատանք՝ եթե կա խնդիր, գրվում է տուգանք, եթե չկա, ուղղակի հեռանում է, գնում իր գործերով», - հավելեց «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը։