16/04/2019 14:57
Պարտադիր չէ, որ ՍԴ դատավորի թեկնածուն հանրային ճանաչում ունենա. Գոռ Հովհաննիսյան
Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի շուրջ քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը կարծիք հայտնեց, որ ՍԴ դատավորի թեկնածուն պետք է լինի հանրային ճանաչում ունեցող անձ։
«Իմ կարծիքով, հանրային ճանաչում պետք է ունենա ՍԴ դատավորի թեկնածուն։ Ձեր ո՞ր գործունեությունն է հանրային ճանաչում բերել ձեզ»,- թեկնածուից հետաքրքրվեց Հովակիմյանը։
Թեկնածուն, հիշեցնենք, Գոռ Հովհաննիսյանն է, որի թեկնածությունը ՀՀ ԱԺ-ին ներկայացրել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։
Հովհաննիսյանը չհամաձայնեց պատգամավորի հետ, ասաց, որ ինքն այդ կարծիքին չէ.
«Ես ամենևին չեմ կարծում, թե ՍԴ դատավորը պետք է հասարակության մեջ ճանաչված մարդ լինի։ ՍԴ դատավորի աշխատանքը մասնագիտական աշխատանք է և ոչ թե քաղաքական աշխատանք»։
Թեկնածուն միաժամանակ նկատեց, որ ինքը ճանաչում ունի մասնագիտական շրջանակներում։