16/04/2019 15:57
Առաջարկվել է ՀՀ նախագահի նստավայրն անվանել Հանրապետության տուն. հարցը կքննարկվի ապրիլի 23-ին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը գրավոր դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որ նախագահի նստավայրին այլ անվանում տրվի։
Նախագահականից Aysor.am-ին տրամադրել են գրությունը, որում նշված է, որ ցանկություն կա նախագահի նստավայրն անվանել Հանրապետության տուն։
Գրության մեջ նշված է, որ Բաղրամյան պողոտա 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի վարչական շենքում աշխատասենյակ է նախատեսված նաև ՀՀ վարչապետի համար, նրան ընձեռված է արարողակարգային նշանակության դահլիճներից օգտվելու հնարավորություն:
Բացի այդ, Հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքում է տեղակայված և իր գործունեությունն է ծավալում նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Եվ նույն՝ Բաղրամյան պողոտա 26 հասցեում հաշվառված է նաև Հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքի հարևանությամբ գտնվող բազմաբնակարան շենքը՝ ինչը հաճախ թյուրիմացությունների տեղիք է տալիս՝ հատկապես պաշտոնական հեռագրերի, նամակների և այլ գրությունների առաքման և ստացման հետ կապված:
«Հանրապետության նախագահի աշխատակազմը ծրագրում է Բաղրամյան պողոտա 26 հասցեում գտնվող վարչական շենքի դահլիճներում, ինչպես նաև հարակից տարածքում իրականացնել մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ և այլն: Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է Հանրապետության նախագահի նստավայրին և դրա նշանակության վերաիմաստավորմանը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1.1-րդ մասի համաձայն՝ խնդրում ենք սահմանված կարգով քննարկել Հանրապետության նախագահի նստավայրի վարչական տարածքի Բաղրամյան պողոտա 26 համարակալումը հանելու և այն «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցը», - մասնավորապես նշված է քաղաքապետին ուղղված նամակում։
Նախագահականից Aysor.am-ին տեղեկացրեցին, որ քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքել է գրությանը՝ նշելով, որ նախագահի նստավայրի վարչական տարածքը «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցը սահմանված կարգով կներկայացվի Երևանի ավագանու՝ ապրիլի 23-ին կայանալիք նիստի քննարկմանը։