17/04/2019 10:41
Հայաստանը կապող օղակ է հանդիսանալու ԵԱՏՄ երկրներ-Իրան հարաբերություններում. «Իմ քայլի» պատգամավոր
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը վստահ է՝ Հայաստանը կապող օղակ է հանդիսանալու ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև:
«Մեր աշխարհագրական դիրքը, մեր բարեկամական հարաբերությունները այնքան լավ են հարևան Իրանի հետ, որ մենք լավագույնս կարող ենք իրականացնել դա ու ես վստահ եմ, որ մեր երկիրը կապող օղակ կլինի ԵԱՏՄ երկրներ-Իրան հարաբերություններում»,-Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իշխանական պատգամավորը:
Եվրասիական միության անդամ երկրների շրջանում, պատգամավորի խոսքով, պետք է այս ամենի մասին լավ ներկայացնել, առաջարկել ծրագիր, որպեսզի նրանք նկատեն ու հասկանան Հայաստանի կարևորությունը:
Նա ասաց, որ ապրանքների հսկայական ցանկ կա, որոնց նկատմամբ պարզեցված ռեժիմով է մաքսային արժեք կիրառվելու:
«Այդ ապրանքների մեծ մասը գյուղատնտեսական են: Սա մեզ համար շատ շահեկան է, քանի որ մենք նաև հակադեմպինգային հնարավորություն ունենք, այսինքն՝ Իրանից եկող էժան ապրանքը չի կարող գրավել մեր շուկան: Կառավարության մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում նրանք մեզ վստահեցրել են, որ այս առումով խնդիր լինել չի կարող»,- նշեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է Հայաստանից Իրան արտահանմանը, «Իմ քայլի» ներկայացուցիչը նշեց, որ ԻԻՀ-ի հսկայական շուկան հայ արտահանողի համար լայն հնարավորություններ է ստեղծում: Այսինքն, ըստ պատգամավորի, Իրան կարելի է արտահանել ամեն ինչ՝ գյուղատնտեսական ապրանքներից մինչև տնտեսական:
«Օրինակ՝ մեղրը: Մեղրի հետ կապված մենք բազմաթիվ դժվարություններ ունենք, ներքին շուկայում շատ հաճախ պահանջարկը չի բավարարում: Վերջերս կնքված համաձայնագրով հսկայական խթան է տրվում և դրա արդյունքները մենք զգալու ենք»,- ավելացրեց Հակոբյանը: