17/04/2019 11:04
ՊԵԿ նախագահին հորդորում եմ ՀԿ-ների գործունեությանը միջամտելու փոխարեն զբաղվել ավելի օգտակար գործով. Արփինե Հովհանիսյան
ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գործունեությանը։
«Մի քանի դիտարկում. Ինչով պետք է զբաղվի ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը, իսկ ինչով՝ ոչ
2018թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ՊԵԿ-ը ներկայացրել և հիմա էլ լրամշակում է փոփոխությունների նախագիծ, որով ցանկացած ՀԿ պետք է հրապարակի օրենքով սահմանված հաշվետվությունը, մինչդեռ գործող կարգավորմամբ նման պարտականություն ունեն միայն հանրային միջոցներից ֆինանսավորվող ՀԿ-ները։
2016 թվականին որպես այն ժամանակ գործող արդարադատության նախարար օրենքը ներկայացնելիս ունեի հստակ նպատակ՝ ավելի ազատական կարգավորումներ նախատեսել ՀԿ-ների գործունեության համար։ Այդ կարգավորումները ոչ միայն ազատական էին, այլև իրենցից ներկայացնում էին եռամակարդակ կոնսենսունս, քանի որ նախագիծը ստեղծվել էր պետություն-միջազգային կազմակերպություններ-քաղաքացիական հասարակություն սերտ համագործակցությամբ։
ՊԵԿ-ի ներկայիս քաղաքականությունը այդ պատճառով համարում եմ ուղղակի միջամտություն ՀԿ-ների գործունեությանը, ինչի մասին տեղեկացնելու եմ մեր միջազգային գործընկերներին։ Այդ պատճառով «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը նույնպես միանում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ 102 հասարակական կազմակերպությունների եւ հիմնադրամների՝ հիշյալ կարգավորումների վերաբերյալ դիմում-դիրքորոշմանը։
Միևնույն ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հորդորում եմ ՀԿ-ների գործունեությանը միջամտելու փոխարեն զբաղվել ավելի օգտակար գործունությամբ, օրինակ՝
• Հորդորեք Ձեր տեղակալին գիշերները չզանգել մաքսատների ղեկավարներին և սրտի ուզած մեքենաները բաց թողնելու հրամաններ չարձակել (այո, կոռուպցիան իսպառ «վերացել է)։
• Մյուս տեղակալին հորդորեք, որ օպերատիվ -հետախուզական միջոցառման անվան տակ ԿԲ-ի Ֆինանսական դիտարկումների կենտրոնից բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվություններ չվերցնի։ Պատասխան տալու եք հաստատ։
• Նույն տեղակալին հորդորեք, որ տնտեսվարողիներին չկանչի իր մոտ ու մաքուր թուղթ տալով, չպահանջի գրել «մուծվելիք» գումարի չափը։
• Հիշեցում՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է ՝ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչությունը»։ Եվ ուրեմն մյուս իրավապահ մարմիններին մի խառնեք ու մի հանձնարարեք, օրինական չէ։
Առայժմ այսքանը։ Ցանկը երկար է: Հետևողական եմ լինելու, որ վարչապետի ու ձեր հնչեցրած կեղծ տվյալներն ու թվերը հիմնավորելու համար մարդկանց վրա շինծու գործեր չսարքեք»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը։