17/04/2019 17:57
Սթրեսները պետք է ճիշտ դոզավորենք, որպեսզի պետական կառավարման համակարգը խառնաշփոթի չվերածվի. ՀՀ վարչապետ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանն այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետին հարց ուղղեց՝ արդյոք ժամանակը չէ, որ Հայաստանը, մի շարք երկրների օրինակին հետևելով, ստեղծի ազգային ինքնանորացման երկարաժամկետ հայեցակարգ, որից կբխի մեր ապագայի տեսլականը։
Նիկոլ Փաշինյանը ի պատասխան նկատեց, որ մի շարք երկրներում անգամ Ապագայի նախարարություն է գործում, ապա կեսկատակ հավելեց, որ պատկերացնում է՝ ինչ կկատարվի ՀՀ ազգային ժողովում, եթե ՀՀ կառավարության կառուցվածքում նույնատիպ նախարարության վերաբերյալ առաջարկություն արվեր։
«Կարծում եմ, որ այն խոսակցությունը, որը հիմա տեղի է ունենում, ապագայի մասին խոսակցություն է, և այն որոշումները, որ մենք կայացնում ենք, իրականում ապագայի մասին են։ Ձեր հարցն ավելի շատ վերաբերում է այդ ապագայի մասին պատկերացումների փաստաթղթավորմանը, և մեր ծրագրերում այդպիսի մտադրություն իրականում կա։ Կարծում եմ՝ մենք ապագայի վերաբերյալ մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ պատասխաններ տվել ենք՝ այդ թվում ասելով, որ Հայաստանը պետք է լինի տեխնոլոգիական երկիր», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Գործադիրի ղեկավարի խոսքով՝ ապագայի տեսլականի վերաբերյալ է նաև այսօր առաջարկված կառավարության կառուցվածքը։
«Ես կուզեի առանձնահատուկ նշել սփյուռքի հետ հարաբերությունների վերաբերյալ մեր պատկերացումները», - ասաց նա։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն իր հերթին վարչապետից հետաքրրքվեց՝ ինչո՞ւ չի կատարում անցած տարվա մայսի 1-ին ԱԺ ամբիոնից տված խոստումը՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դարձնելով նախարարություններ։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ այդ հայտարարությունն անելիս կոնկրետ ժամկետներ չեն մատնանշվել։
«Այսօր մենք գնում ենք կառավարության կառուցվածքի փոփոխության և առաջիկայում կքննարկենք և կվերլուծենք նաև ոստիկանության և ԱԱԾ-ի աշխատանքի արդյունավետությունն այս կառուցակարգում։ Եկեք արձանագրենք, որ այս կարգավիճակում ԱԱԾ-ն և ոստիկանությունը գործում են մեկ տարի։ Չեմ համարում, որ ամեն տարին մեկ՝ պետք է կարգավիճակ փոխենք։
Մենք կառավարության կառուցվածքը փոխում ենք, և պետք է արձանագրենք, որ այս փոփոխությունները որոշակի սթրեսներ են պարունակում։ Մենք սթրեսները պետք է ճիշտ դոզավորենք, որպեսզի պետական կառավարման համակարգը խառնաշփոթի չվերածվի», - նշեց ՆԻկոլ Փաշինյանը։