17/04/2019 00:00
Նուրսուլթան Նազարբաևը շնորհակալական նամակներ է ուղարկել Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհակալական նամակներ է ուղարկել Հայաստանի երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։
Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ Ն.Նազարբաևը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար:
«Նմանօրինակ նամակներ ուղարկվել են բոլոր այն պետությունների ղեկավարներին, ում հետ մեր ղեկավարը համագործակցել է Ղազախստանի անկախության տարիներին տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության նոր ճարտարապետության կառուցման գործում»,- հայտնել է դեսպանը:
Նա հավելել է, որ ՀՀ նախագահներին ուղղված նամակում Ղազախստանի առաջին նախագահը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին միջազգային համագործակցության արդյունքում գրանցած արդյունքների համար:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից Aysor.am-ին հաստատեցին տեղեկությունը, նշելով, որ ստացել են Ն.Նազարբաևի նամակը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ն.Նազարբաևը նամակ է հղել Ռոբերտ Քոչարյանին, որով տեղեկացրել է Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։ Ընդգծելով, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, Նազարբաևը հույս է հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն։