17/04/2019 12:11
Իմ աշխատանքը պատկերացնում եմ դինամիկ. ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյան (Տեսանյութ)
Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը, որի թեկնածությունը Հայաստանի վարչապետը ներկայացրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի պաշտոնում, հրաժարվում է գնահատել ՏՄՊՊՀ նախկին նախագահ Արտակ Շաբոյանի գործունեությունը։
«Չեմ գնահատում որևէ մեկի որևէ աշխատանք, որովհետև կարծում եմ, որ ես չպետք է դա գնահատեմ, իսկ իմ աշխատանքը պատկերացնում եմ դինամիկ, որովհետև ոլորտը բավական հետաքրքիր է ու շատ բան կա անելու։ Կարծում եմ՝ կկարողանանք ոլորտում հետաքրքիր ձեռքբերումներ ունենալ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղամ Գևորգյանը։
Նա ասաց, որ իր ծրագրերի մասին ոչինչ չի կարող ասել և դրանք կներկայացնի առաջիկայում Ազգային ժողովում ՏՄՊՊՀ նախագաի թեկնածության հարցի քննարկման ժամանակ։
«Խոսք եմ տալիս այդ բոլոր hարցերին իմ ելույթում պատասխան տալ։ Իմ ելույթի հիմնական մասը վերաբերելու է հասարակության ընկալմանը մենաշնորհի, գերիշխող դիրքերի, գների մասին։ Ես կարծում եմ, որ ճիշտ չենք ընկալում մենք, թե ինչ է մենաշնորհը»,- ասաց Գևորգյանը։
Լրագրողը հետաքրքրվեց` արդյոք ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ ջերմ մտերմությո՞ւնն է ազդել, որ նա առաջադրվի ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում, ինչին Գևորգյանն արձագանքեց.
«Ոչ, իմ ջերմ հարաբերությունները չեն ազդել։ Իմ թեկնածությունը առաջարկել է Հայաստանի վարչապետը»։