17/04/2019 14:22
Արփինե Հովհաննիսյանը կարող է դիմել իրավապահներին, հակառակ պարագայում նրա մտքերն ընկալվում են որպես քաղաքական փիառ. ՊԵԿ արձագանքը
ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ՊԵԿ գործունեության վերաբերյալ իր հնչեցրած մտքերի կապակցությամբ կարող է դիմել իրավապահներին, հակառակ պարագայում դա ընկալվում է որպես քաղաքական փիառ:
«Արփինե Հովհաննիսյանի հնչեցրած մտքերի վերաբերյալ կարող եմ ասել, որ արդարադատության նախկին նախարարն ու ԱԺ նախկին փոխխոսնակը, եթե իսկապես ունի իր հնչեցրած մտքերի հիմնավորումները, ապա ցանկացած պահի կարող է դիմել իրավապահ մարմիններին։ Այս ճանապարհը, վստահ եմ, իրեն՝ որպես իրավաբանի, քաջ ծանոթ պետք է որ լինի» - Aysor.am-ին ասաց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը:
Նրա խոսքով, «հակառակ պարագայում այն, ինչ հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում, նորմալ է՝ որպես սոցցանցային գրառում և ընկալվում է՝ որպես քաղաքական փիառ, ինչը ևս ընկալելի է»:
Ավելի վաղ Արփինե Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի գործունեությանը, նշելով, որ ՊԵԿ-ի ներկայիս քաղաքականությունը համարում է միջամտություն ՀԿ-ների գործունեությանը:
Նա ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հորդորել է ՀԿ-ների գործունեությանը միջամտելու փոխարեն զբաղվել ավելի օգտակար գործունությամբ: