17/04/2019 10:48
Կառավարությունն արտահայտում է ժողովրդի կամքը. Արտակ Զեյնալյան
ԱԺ այսօրվա նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց՝ ինչու՞ վերջինս նախկինի նման սկզբունքային չէ և հանդուրժում է, որ կարևոր նախագծերը հապճեպ կերպով բերվեն ԱԺ։
Արտակ Զեյնաալյանն ի պատասխան հակադարձեց, որ e-draft էլեկտրոնային հարթակում տեղադրված բոլոր առաջարկները կառավարության կողմից քննարկման առարկա են դարձել, սակայն ԱԺ կանոնակարգ օրենքում նախատեսված չէ այդ հարթակում տեղադրված առաջարկները ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկել։
«Կառավարությունն արտահայտում է ժողովրդի կամքը, հանդես է գալիս իրեն քվե տված ժողովրդի անունից»,- ասաց նախարարը։
«Լուավոր Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արկադի Խաչատրյանն, իր հերթին նկատեց, որ կառավարության կազմի փոփոխությունը չի կարող ինքնանպատակ լինել, այն պետք է հիմքեր ստեղծի՝ առավել արդյունավետ կառավարում իրականացնելու։
«Կարծում եմ՝ չափազանց կարևոր է, որ կառուցվածքում լինեին Գյուղատնտեսության և Մշակույթի նախարարությունները»,- ասաց նա։
Արդարադատության նախարարն ի պատասխան նկատեց, որ Գյուղնախարարություն գործառույթներն իրականացվելու է Էկոնոմիկայի նախարարության կողմից, Մշակույթի նախարարության քաղաքականությունը ևս շարունակվելու է բնականոն հունով։