18/04/2019 11:42
Իմ ներկայությունը կլիներ ճիշտ նույնքան նշանակալի, որքան կարող է լինել ԱԺ-ում բոլոր հարցերի քննարկման ժամանակ. Ատոմ Ջանջուղազյան (Տեսանյութ)
Այսօր իմ բացակայությունն ԱԺ-ում մեկնաբանվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ինձ պաշտոնանկ անելու նախագծի նկատմամբ անհարգալից վերաբերմունքով։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի ամեն ինչ հստակ լինի. կանոնակարգը որևէ մասնակցություն այս դեպքում ԱԺ ներքին հարցի քննարկմանը չի նախատեսում, հետևաբար իմ ներկայությունը կլիներ ճիշտ նույնքան նշանակալի, որքան կարող է լինել ԱԺ-ում բոլոր հարցերի քննարկման ժամանակ, այսօր կառավարության նիստի ընթացքում նման տեսակետ հայտենց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատեց, որ նման արձագանքները պետք է վերլուծել և նման դեպքերի համար մշակել որոշակի վարքագծային կանոններ։
«Եթե այդքան կարևոր է, չեմ կարծում, թե մեծ խնդիր է, եթե մենք կազմակերպենք բոլոր քվեարկություններում կառավարության ներկայացուցիչների ներկայությունը», - ասաց նա՝ կառվարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարելով ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ քննարկել այդ հարցը։
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանը չհաստատեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին պաշտոնանկ անելու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը։ Կողմ էր միայն խորհրդարանական ընդդիմությունը։
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր խոսքում նկատել էր, որ նախարար Ատոմ Ջանջուղազյանը պետք է ԱԺ-ում լիներ, որովհետև հարցն իրեն է վերաբերում և նրա չգալը վերաբերմունք է խորհրդարանին։
«Եվ ամբողջ պահվածքը, և հարցապնդման պատասխանը, այն, ինչ տեղի ունեցավ երեկ, մենք պնդում ենք մեր որոշումը։ Սա զգուշացում է բոլոր նախարներին, որ խորհրդարանական կառավարման ձգտող երկրում նման պահվածքը խորհրդարանի հանդեպ անընդունելի է», - ասել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։