18/04/2019 11:56
Բերդում զինվորական հոսպիտալ կստեղծվի. կառավարությունը հաստատեց
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց ՊՆ-ի կողմից ներկայացված նախագիծը` Տավուշի մարզի Բերդ քաղաքում ստեղծել զինվորական հոսպիտաալ:
Հոսպիտալի գործունեության նպատակն է օրենքով սահմանված կարգով զինծառայողների և քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը, ինչպես նաև բնակչության հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության հասանելիության ապահովելը:
Ըստ ներկայացվող նախագծի` հոսպիտալի առաջ դրված խնդիրներն են՝ օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի շրջանակներում զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև բնակչության հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման իրականացումը (տրամադրումը), զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև բնակչության բժշկահիգիենիկ դաստիարակության և առողջապահության բնագավառի իրավական ակտերով սահմանված կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:
Հոսպիտալի գործառույթներն են՝ օրենքով սահմանված կարգով զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության իրականացումը, օրենքով սահմանված կարգով ավագ և միջին բուժանձնակազմի շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին մասնակցությունը, օրենքով սահմանված կարգով կրտսեր բուժաշխատողներին անհրաժեշտ հմտությունների և փորձի փոխանցումը, փոխգործակցության իրականացումն առողջապահության ոլորտի մարմինների, քաղաքացիական բժշկական և գիտահետազոտական կազմակերպությունների հետ, հետազոտական, գիտական և փորձարարական աշխատանքների իրականացումը, գիտահետազոտական և գիտակրթական նորարարական մեթոդների ներմուծումն ու կիրառումը, ռազմական բժշկագիտության ոլորտում միջազգային փորձի օգտագործումը։
Նշվում է նաև, որ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ նոր հաստիքներ չեն ստեղծվում և հոսպիտալը ձևավորվում է ՀՀ ՊՆ գործող առանձին բժշկական ջոկատի (զորամասի) բազայի վրա` ջոկատի պահպանման ծախսերի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին: