18/04/2019 11:27
Սա նոր Հայաստանի պատմության մեջ գուցե առաջին դեպքն է, երբ քաղաքի և պետության մակարդակով հակամրցակցային համաձայնություն է տեղի ունեցել. Դավիթ Խաժակյան (Տեսանյութ)
Կառավարության շենքի դիմաց Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամները հանդես են գալիս հայտարարությամբ։
«Ռեսուրսի սակավությունը տեսանելի է մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնելիս», - հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Նա նշեց, որ քաղաքապետարանը դիմել է կառավարությանը և կառավարության նիստում այսօր քննարկվում է որոշում, որով քաղաքապետարանին պետք է հնարավորություն տան մեկ անձից գնում իրականացնելու այն գնման դեպքում, որը դատարանում է գտնվում քաղաքապետարանի իսկ կողմից։
Իրավիճակն, ըստ Խաժակյանի, այնպիսին է, որ նա չի կարող պնդել և ասել, թե աղբահանության հետ կապված գնում մի կատարեք:
«Բերել և հասցրել են այնպիսի վիճակի, որ այլ ելք չի կարող լինել։ Բայց ես կատարում եմ շատ հստակ պնդում և հուսով եմ, որ պատկան մարմինները սրան կարձագանքեն։ Քաղաքապետարանը հստակ կատարել է գործողություններ, որպեսզի գնումն իրականացնի մեկ կազմակերպությունից։ Կարծում եմ, որ սա նոր Հայաստանի պատմության մեջ գուցե առաջին դեպքն է, երբ քաղաքի և պետության մակարդակով հակամրցակցային համաձայնություն է տեղի ունեցել և պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ կազմակերպության հետ իրականացնելու այդ գնումը», - հայտարարեց Դավիթ Խաժակյանը։
Նա ասաց, թե քաղաքապերանը սպասել է, մինչև իրավիճակն այսքան սրվի, գտել հիմնավորումներ, որպեսզի մեկ ընկերույթունից՝ «Կամազ»-ից, իրականացնի գնումներ։
«Ամենակարճ ժամկետներում այս մեքենաները կտեսնեք փողոցներում, դա կնշանակի, որ դրանք արդեն իսկ պատվիրված էին։ Այն պաշտոնյաները, ովքեր այդ պայմանավորվածությունը ձեռք են բերել, պետք է ուշ թե շուտ պատասխան տան», - ասաց Դավիթ Խաժակյանը։