18/04/2019 12:03
Այս գործընթացն անօրինական է. Դավիթ Խաժակյանը զգուշացնում է կառավարության անդամներին (Տեսանյութ)
Հրատապության ռեժիմով երեկ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներին ուղարկվել է նախագիծ, որ ապրիլի 23-ին կայացվող նիստում քաղաքապետարանը պետք է ստեղծի համայնքային կազմակերպություն՝ ըստ էության՝ աղբահանության երկրորդ օպերատոր, այսօր կառավարության դիմաց լրագրողներին ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Նախորդ տարվանից խոսվում է երկրորդ օպերատորի մասին, և երեկ մենք իմանում ենք, որ այս նախագիծը մտնում է կառավարության նիստի օրակարգ։ Մեզ ծանուցում են, որ հրատապության ռեժիմով, առանց հանձնաժողովներում քննարկելու օրակարգ է մտնում այդ կազմակերպությունը ստեղծելու հարցը։ Եվ ով զարմանք, երբ ես հայտարարում եմ, որ այսօր հայտարարություն ունեմ անելու, գիշերը՝ 00։30 քաղաքապետի մամուլի խոսնակն արդեն ներկայացնում է իրենց ծրագիրը։ Ես ոչ թե կառավարությանը կոչ եմ անում չքվեարկել այս որոշման օգտին, թող իրենք որոշեն, բայց այն, որ այս գործընթացն անօրինական է, սա փաստ է», - հայտարարեց Դավիթ Խաժակյանը։
Հիշեցնենք՝ ավագանու «Լույս» խմբակցության անդամները ակցիա են իրականացնում կառավարության դիմաց:
Կառավարության նիստի օրակարգում է «Գնման ընթացակարգերի կազմակերպման մասին» որոշման նախագիծը։
«Երևան համայնքում էապես վատթարացել է սանիտարական վիճակը` աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու հետևանքով, և դրանով պայմանավորված՝ առաջացել է Երևանի քաղաքապետարանի ուղիղ միջամտության կարիքը, ուստի աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը գնման մրցակցային ընթացակարգով ժամկետների առումով կառաջացնի համայնքի սանիտարական կոլապս։ Հաշվի առնելով, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ, առաջարկվում է աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման շրջանակում Երևան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձևով», - նշված է նախագծում։