18/04/2019 12:15
Պատրաստ եղեք, կարող է մի օր մտնեմ որևէ քրեակատարողական հիմնարկ ու սննդից փորձեմ. ախորժակս գրգռեցիք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութեր)
Քրեակատարողական հիմնարկներում շարունակում են լինել մարդիկ, ովքեր արտոնյալ պայմաններում են ապրում, կառավարության ասյօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս հարցրերը լուծված չեն, շատ կարևոր է հասկանալ մի բան` պարտադիր չի, որ երկրի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչը կամ երկրի վարչապետը գնա բոլոր տեղերը մտնի և ասի՝ որտեղ ինչ պետք է լինի», - ասաց վարչապետը:
Նա հարց հնչեցրրեց` ի՞նչ է նշանակում` ՔԿՀ-ներում կան կալանովորներ, որոնց հանձնուքը չի ստուգվում:
«Կարաք բացատրեք դա ի՞նչ է նշանակում ու էդ հիմնարկի պետը դեռ շարունակում է աշխատե՞լ էդ պաշտոնում», - հարց ուղղեց նա Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին:
Արտակ Զեյնալյանն էլ ի պատասխան ասաց, որ նման փաստ իրեն հայտնի չէ:
«Որևէ մեկն արտոնյալ չէ, ում խցի դուռը բաց է, ում խուցը չեն ստուգում, չկա այդպիսի բան: Այո, հայտնաբերվում են արգելված իրեր», - ասաց նա:
«Հեռախոսներ էլ չկա՞ քրեակատարողական հիմնարկներում», - հարցրեց վարչապետը:
Նախարարն ասաց, որ կան ու իրենք պարբերաբար դրանք հայտնաբերում են:
«Հայտանբերելուց առաջ պետք է դրանց ներս մտցնելու ճանապարհը փակել, որովհետև էսօր բազմաթիվ հանցագործություններ կազմակերպվում են հենց քրեակատարողական հիմնարկներից հենց էդ կապի միջոցներով», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Արտակ Զեյնալյանն արձագանքեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը՝ ստուգման սարքերով զինված չեն ՔԿՀ-ները, իրենք մտածում են, որ լավագույն տարբերակը խլացնելն է:
«Ես գիտեմ մի բան. առանց ՔԿՀ-ների աշխատողների աջակցության` դա հնարավոր չէ իրականացնել, ուղղակի հնարավոր չէ», - ասաց վարչապետը
Արտակ Զեյնալյանն էլ հայտարարեց, որ բազմաթիվ քրեական գործեր են հարուցված, պետք է նվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը:
«Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ամենալավ ճանապարհը կոռուպցիոներներին հանել համակարգից ու ուղարկել իրենց գործերին, ամենալավ կոռուպցիոն ռիսկը դա է», - ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ բոլոր պայմանները ստեղծված են, որ քրեակատարողական հիմնարկներում մարդիկ, ժամանակ անցկացնելով, դառնան ավելի ու ավելի հանցավոր վարքագծի կրողներ:
«Գերմարդկային ճիգեր են պետք՝ մարդը, որ հայտնվել է ՔԿՀ-ում, այնտեղից դուրս չգա որպես պրոֆեսիոնալ հանցագործ», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նախարարից հետաքրքրվելով նաև, թե ՔԿՀ-ներում ինչպիսին է սննդի վիճակը:
Արտակ Զեյնալյանն ասաց, որ ինքը անձամբ է համտեսել սննդից:
«Էականորեն որակը բարելավվել է: Ես բազմիցս ինքս համտեսել եմ ու մշտապես ստուգումներ իրականացվում են, այս պահին որևէ դիտողություն չունենք», - ասաց նախարարը:
«Շատ լավ, ամեն դեպքում, պատրաստ եղեք, կարող է մի օր մտնեմ որևէ քրեակատարողական հիմնարկ ու սննդից փորձեմ, որովհետև ախորժակս գրգռեցիք», - ասաց Նիկոլ Փաշինյանը: