18/04/2019 14:07
Չեմ պատրաստվում հետաքրքրվել՝ ինչ է կատարվում Պետական վերահոսկողական ծառայությունում. ՊՎԾ ղեկավարի նախկին տեղակալ (Տեսանյութ)
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի նախկին տեղակալ Տիգրան Ուլիխանյանը հերքում է այսօր մամուլում հրապարակված տեղեկությունները, որ ինքը փոխարինելու է Դավիթ Սանասարյանին՝ ՊՎԾ ղեկավարի պաշտոնում։
«Ինձ որևէ պաշտոն չի առաջարկվել, ես դրա մասին այսօր տեղեկացել եմ մամուլից», - Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց պատգամավորը։
Մեր մյուս հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում իր նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի վերաբերյալ տեղեկությունները, որ նա ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ունի կասկածյալի կարգավիճակ, պատասխանեց. «Դավիթ Սանասարյանը ՊՎԾ ղեկավարն է, և տեղեկություններս այնքան են, ինչքան գրում են լրատվամիջոցները։ Առանձին տեղեկությունների չեմ տիրապետում, չեմ հետաքրքրվել, առայժմ, չեմ էլ պատրաստվում, որովհետև գործը նախաքննական փուլում է»։
Հարցին, թե ՊՎԾ-ն ղեկավարելու առաջարկ լինելու դեպքում կգնա՞ Ազգային ժողովից, Ուլիխանյանը պատասխանեց. «Այս պահին դրա վերաբերյալ չեմ ուզում խոսել, որովհետև առարկայազուրկ թեմաների մասին չեմ մտածում»։
Մենք հետաքրքրվեցինք, թե չի՞ փորձել խոսել Դավիթ Սանասարյանի հետ, քանի որ ի վերջո քրեական գործը հարուցվել է այն ժամանակահատվածի վերաբերյալ, երբ ՊՎԾ-ում աշխատել է հենց Ուլիխանյանը, պատգամավորը պատասխանեց. «Դուք որտեղի՞ց գիտեք այդ ինֆորմացիան, ես չունեմ այդպիսի իֆորմացիա և այդ ինֆորմացիան դեռ պետք է պարզվի»։
Մեր դիտարկմանը, թե քրեական գործի նյութերից է երևում, պատգամավորը չարձագանքեց։
Մյուս հարցին, թե չի՞ հետաքրքրում՝ ինչ է կատարվում ՊՎԾ-ում ի վերջո իր նախկին աշխատավայրն է, պատգամավորը պատասխանեց. «Ես հետևում եմ՝ ինչ է կատարվում, բայց ուղղակի ասում եմ, որ ավելորդ նախաձեռնողականություն չեմ ցուցաբերում, քանի որ գործը նախաքննության փուլում է»։
Հիշեցնենք, որ վերջերս բուժհիմնարկներին դիալիզի սարքեր մատակարորող «Ֆրիզանյուզ» ընկերության ղեկավարը հայտարարել էր, որ Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցները ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի գիտությամբ մի շարք փոփոխություններ են մտցրել գնումների գործընթացում, որի արդյունքում մրցույթում հաղթել է կահույք ներկրող «Զորաշեն» ընկերությունը, որը, ըստ տեղեկությունների, վերահասկողության ծառայության աշխատակիցների հետ է կապված: Այդ հայտարարության հիման վրա Առողջապահության նախարարը նյութեր էր ուղարկել ԱԱԾ:
Քրեական գործի շրջանակներում կալանավորվել էին Պետական վերահսկողական ծառայության ծառայության պաշտոնյաներից Գևորգ Խաչատրյանը և ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը։ Վերջինը, ի դեպ, հենց Ուլիխանյանի լիազորությունների ներքո է աշխատել։
Ավելի վաղ Aysor.am-ը գրել էր, որ կալանավորվածներից Գևորգ Խաչատրյանը գործարքի է գնացել նախաքննական մարմնի մարմնի հետ, ընդունել, որ կատարվել են անօրինական գործողություններ և պատմել, որ գործել են Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի գիտությամբ: Այժմ, ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների, Դավիթ Սանասարյանն այս գործով կասկածյալ է և հնարավոր է՝ շուտով նրան մեղադրանք առաջադրվի։