18/04/2019 17:17
Եթե մենք իշխանություն լինեինք, բնականաբար Քաղաքացու օրը նշելու համար բյուջեից 124 միլիոն դրամ չէինք հատկացնի. Մարուքյան
Եթե մենք իշխանություն լինեինք, բնականաբար Քաղաքացու օրը նշելու համար բյուջեից 124 միլիոն դրամ չէինք հատկացնի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Բայց որոշումն արդեն ընդունված է, տոնն էլ՝ խորհրդարանի կողմից հռչակված։ Չգիտեմ՝ ինչի վրա են ծախսելու այդ 124 միլիոն դրամը, ի՞նչ իմանամ՝ ինչ են ուզում անել։ Այդքան գումար տրամադրելն այնքանով է արդարացված, որ ՀՀ քաղաքացիներն են ձևավորել այս մեծամասնությունը, և մեծամասնությունն էլ դա որոշել է։ Հետևաբար սա ՀՀ քաղաքացիների մեծամասնության որոշումն է, և եթե դժգոհ են, կարող են իրենց հարցերն ուղղել իրենց իսկ ընտրած քաղաքական մեծամասնությանը։ Ամեն դեպքում, եթե քաղաքացիները գոհ և ուրախ են, մենք խնդիր չունենք», - ասաց նա։
Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ որոշման ընդունումից հետո անիմաստ է գումարի չափը կամ մեկ այլ դետալ քննարկել, որովհետև իշխանությունը մշտապես հայտարարում է, որ ՀՀ քաղաքացիներն են իրեն ձայն տվել, իրենք էլ որոշել են այս կամ այն կերպ վարվել։
Հատկանշական է, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կարծիքով, Հայաստանում քաղաքացու օրը նշելու համար գումարներ պետք է տրամադրել, տոնը չպետք է կենտրոնացված լինի Երևանում։
«Այո՛, ես կարծում եմ, որ քաղաքացու օրը նշելու համար պետք է հատկացվի գումար», - այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր նա։
Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր վարչապետի աշխատակազմին 124 միլիոն դրամ հատկացրեց՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման նպատակով:
Ավելի վաղ՝ մարտի 21-ին, կառավարությունը հավանության էր արժանացրել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ նախաձեռնությունը:
Ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացու օրը նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը: