18/04/2019 13:48
Աղբահանության երկրորդ օպերատորի հարցը չի լուծվում դեռ. Մհեր Գրիգորյանը պատրաստվում էր երդվել, Մարությանը թույլ չտվեց
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով կառավարությունում է` պարզաբանումներ տալու աղբահանության երկրորդ օպերատորի հարցի հետ կապված:
Քաղաքապետն ասաց, որ աղբահանության հարցով սկզբնական շրջանում «Սանիթեքի» աշխատանքը նորմալ էր, սակայն սխալ աշխատանքը բերեց այն վիճակին, որն այսօր առկա է:
«Մենք բազմիցս զգուշացրել ենք` այն վիճակում, որ ձեր մեքենաներն են գտնվում, այդպես շարունակվել չի կարող, այդ հարցերը պետք է լուծեք, իրենք էլ ասացին, որ հնարավորություն չունեն, ֆինանսական շատ վատ վիճակում են, մենք էլ մրցույթին հանեցինք 24 աղբատար մեքենա, որը պետք է ձեռք բերեր Երևան քաղաքը», - ասաց Հայկ Մարությանը՝ ավելացնելով, որ մոտ 13 միլիոն դրամով տուգանել են ընկերությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ աղբահանության հետ կապված շատ են ահազանգեր ստացել:
«Վիճակը կրիտիկակա՞ն է», - հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
«Վիճակը կրիտիկական չէ, կրիտիկականը 2012 թվականին էր Նեապոլում, այ դա ես նկարել եմ, լուսանկարները նիստից հետո կուղարկեմ, կտեսնեք, դա կրիտիակականն է, հուսով ենք` չենք հասնի կրիտիկականի», - ասաց Հայկ Մարությանը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունը հնարավոր ամեն ձևով պետք է աջակցի քաղաքապետարանին, որ «Սանիթեքը» պատշաճ կատարի աշխատանքը:
«Բայց դուք ասացիք, թե 13 միլիոն դրամով տուգանել եք ընկերությանը, բայց սա ոչ թե լավացնելու է իրավիճակը, այլ ավելի է վատացնելու, որովհետև նրանք հաջորդ փուլում ասելու են` դե 13 միլիոն տուգանեցիք, մենք էլ փող չունենք, որ մեքենաները նորոգենք, էն ժամանակ երեքն էր փչանում, հիմա յոթն է փչանում, դե գնացեք, ինչ ուզում եք արեք», - ասաց վարչապետը:
Նա նշեց, թե պրոբլեմն առաջացել է այն ժամանկ, երբ փաստացի եղել է մեկ օպերատոր:
«Որովհետև, եթե մենք ունենայինք երկրորդ օպերատոր, մրցակցային վիճակն ուրիշ կլիներ», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Մենք գնեցինք մեքենաներ, հետո էդ մեքենաների բազայի վրա ստեղծելու ենք պետական հիմնարկ, որը աղբահանություն է իրականացնո՞ւմ: Շատ վտանգավոր գաղափար է, հաստատ ավելի վատ է աշխատելու, կարող եմ հենց հիմա երդվել», - ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Դեռ պետք չէ երդվել, ես ստիպված կլինեմ ըստ դրա շարժվել», - կատակեց Հայկ Մարությանը:
Քաղաքապետն ասաց, որ ուսումնասիրություն են իրականացրել ու այսօր եվրոպական բոլոր ընկերությունները ետ են վերադառնում այն մոդելին, որ համայնքը և պետությունը կոնկրետ տրասնպորտն ու աղբահանությունը վերցնում են իրենց վրա: