18/04/2019 18:35
ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանը դրական է գնահատել ԱՆ-ի հետ համատեղ իրականացված աշխատանքները
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:
Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Արդարադատության նախարարության մի շարք ծրագրերի իրականացմանն աջակցելու և արդյունավետությամբ փոխգործակցելու համար:
Դեսպան Ֆարնուորթը ևս դրական է գնահատել համատեղ իրականացված աշխատանքներն ու իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ոլորտի բարեփոխմանն ուղղված հետագա մի շարք ծրագրերին:
Հանդիպման ընթացքում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը ներկայացրել է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ 2018 թվականին մեկնարկած համատեղ ծրագրի արդյունքները: Ծրագրի նպատակն էր օժանդակել պատշաճ իրականացնելու Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող Գործողությունների ծրագիրը` հասարակությանը կրթելու և շահագրգիռ մարմիններին ընտանեկան բռնությանն առնչվող խնդիրների վերաբերյալ վերապատրաստելու նպատակով:
Գայանե Հովակիմյանը տեղեկացրել է, որ դրա շրջանակում մշակվել է հանրային ծառայողների և սոցիալական աշխատողների վերապատրաստումների դասընթացների ծրագիր, հանրային հաղորդակցության ռազմավարություն և ուղեցույց, որոնք հրապարակվել են նաև Արդարադատության նախարարության կայքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նշված ծրագրի շարունակականության, ինչպես նաև բրիտանական դեսպանության աջակցությամբ Պրոբացիայի ծառայության ռազմավարության մշակմանն և կարողությունների զարգացմանն աջակցելու հնարավորությունները: