18/04/2019 11:48
Հայաստան այցելած ԱՄՆ կոնգրեսականները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (Լուսանկարներ)
Հայաստան այցելած ԱՄՆ կոնգրեսականները ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Գայանե Աբրահամյանի և Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ ապրիլի 17-ին այցելել են Ծիծեռնակաբերդի 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի անդամ կոնգրեսականները ծաղիկներ են խոնարհել Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել 20-րդ դարի առաջին արհավիրքը հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում:
Թանգարան-ինստիտուտի տնօրինությունը կոնգրեսականներին նվիրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ անգլալեզու գրքեր: