18/04/2019 23:31
«Փաստինֆո»-ն իր լրահոսում նման նյութ չի ունեցել. Սոնա Տռուզյանը՝ Դավիթ Սանասարյանի գործի վերաբերյալ հրապարակումների մասին
Քիչ առաջ որոշ լրատվամիջոցներ «Փաստինֆո» գործակալության անունից լուր են տարածել, թե, իբր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մերժել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցնելու մասին քննիչի միջնորդությունը, ու թե, իբր, այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղարը:
«Դա ակնհայտ կեղծ տեղեկատվություն է: «Փաստինֆո»-ն իր լրահոսում նման նյութ չի ունեցել: Ավելին` Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցնելու մասին քննիչը միջնորդություն չի ներկայացրել վարչապետին, այլ որոշում է կայացրել նրա լիազորություններ դադարեցնելու մասին` նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ», - Facebook-ի իր էջում գրել է «Փաստինֆո» գործակալության տնօրեն Սոնա Տռուզյանը։
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ մեկնաբանելով տարածված տեղեկությունն, Aysor.am-ին ասաց. «ԱԱԾ-ն վարչապետի ենթակա մարմին է»:
Ավելի վաղ Armtimes.com-ը՝ հղում անելով «Փաստինֆո» գործակալությանը, գրել էր, որ Ն.Փաշինյանը մերժել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցնելու մասին քննիչի միջնորդությունը։ Որոշ ժամանակ անց կայքը հերքեց հրապարակումը, նշելով, որ իրականում Վլադիմիր Կարապետյանը նման հայտարարություն չի արել եւ հրապարակումները կեղծ են: