19/04/2019 16:46
Դուք համարվում եք Իգնատի Առաքելյանի մարդը, ինչպե՞ս եք հայտնվել Տիգրան Ավինյանի տեսադաշտում. Արման Բաբաջանյանը՝ Գեղամ Գևորգյանին (Տեսանյութ)
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը չի հասկանում, թե ինչու է ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում վարչապետն առաջարկել գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:
«Ճիշտն ասած, ես զարմացած եմ, թե ինչու և ինչպես է Նիկոլ Փաշինյանը ձեր թեկնածությունն առաջադրել այս պաշտոնում», - ասաց Բաբաջանյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե արդյոք նրան գյուղատնտեսության նախարար նշանակելը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից փոխվարձահատույց լինելու արդյունք չէր այն բանից հետո, երբ Գևորգյանի գլխավորած հիմնադրամը Ավինյանի ընտանքին պատկանող չրի արտադրամասին դրամաշնորհ էր տրամադրել:
Ի պատասխան՝ Գրիգորյանը նշեց, որ Ավինյանի ընտանիքին պատկանող արտադրամասին դրամաշնորհ տրամադրելու գործընթացը սկսվել է շուտ և դրա գրեթե բոլոր փուլերը ավարտված են եղել մինչև հեղափոխության սկսելը և Ավինյանի՝ փոխվարչապետ նշանակվելը:
«Եթե մի փոքր ուսումնասիրում ենք, հասկանում ենք, որ հիմնադրամի տնօրենը որևէ իրավասություն չուներ տալ կամ չտալ որևէ դրամաշնորհ, ավելին՝ դրամաշնորհը տրվել է կոնկրետ մի քանի փուլ անցած տարբեր հիմնադրամների կողմից, ընդ որում, դրամաշնորհը տրամադրել է մի հանձնաժողով, որի կազմը սահմանել է երկու-երեք նախարար առաջ նշանակված անձը: Որոշումը կայացվել է մեկ այլ նախարարի օրոք, և հիմնադրամի տնօրենը զուտ ձևաբանական առումով ստորագրել է փաստաթուղթը», - ասաց նա:
Արձագանքելով՝ Արման Բաբաջանյանը պնդեց, որ այնուամենայնիվ որոշումը կայացվել է, երբ Ավինյանն արդեն փոխվարչապետի պաշտոնում էր՝ ավելացնելով.
«Դուք հայտնվել եք այս հիմնադրամում Կարեն Կարպետյանի կառավարության ժամանակ, Դուք համարվում եք Իգնատի Առաքելյանի մարդը, ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս եք հայտնվել Տիգրան Ավինյանի տեսադաշտում, եթե ոչ այս դրամաշնորհի շրջանակներում»:
Գևորգյանն էլ հակադարձեց.
«Անկեղծ ասած, ես մինչև այսօր գիտեի ուրիշ մարդու մարդն եմ, ի՞նչ ա նշանակում «Իգնատի Առաքելյանի մարդը»: Իգնատի Առքելայնն իմ լավ ընկերն է, եղել է նախարար, ում օրոք ես աշխատել եմ հիմնադրամում, բայց իմ կենսագրականը, որն այդքան մանրամասնությամբ ուսումնասիրել եք, տալիս է տեղեկատվություն, որ տասը տարուց ավել ես աշխատում եմ կառավարման համակագում, աշխատել եմ 2-3 վարչապետի հետ, պաշտոնի բարձրացում եմ ունեցել: Եթե հիմա փորձենք հասկանալ՝ ամեն տեղ ում տեսադաշում եմ հայտնվել, ապարդյուն աշխատանք կլինի, կխնդրեմ նույիսկ չփորձել, իմաստ չունի»: