19/04/2019 13:58
Բելգիան Facebook-ի միջոցով նվազեցնելու է փախստականների թիվը
Բելգիան Facebook-ում արշավ է սկսել Պաղեստինից և Մարոկոյից ապաստան խնդրող փախստականներին տարհամոզելու համար: Այս մասին հայտարարել է Ապաստանի եւ միգրացիայի հարցերով նախարար Մագգի Դե Բլոկը, փոխանցում է RTL Info-ն:
«Խոսքը Բելգիայում անցկացվող ամենազանգվածային արշավներից մեկի մասին է», —ասել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ փախստականները հաճախ իզուր են վստահ լինում, որ բավական է միայն դուռը թակեն և նրանց կընդունեն»: Իրականում, ինչպես նշել է Դե Բլոկը, նրանք շատ աննշան հնարավորություններ ունեն:
«Այդպես ճնշում է գործադրվում մեր ծառայությունների և հյուրընկալության մեր համակարգի վրա», — հավելել է պետքարտուղարը:
2015 թվականին Եվրոպայում միգրացիոն ճգնաժամ էր սկսվել: Հիմնականում Աֆրիկայից և Մերձավոր Արևելքի երկրներից եկվորները ձգտում են Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Բրիտանիա և Շվեդիա: Նույն թվականին միգրացիոն ճգնաժամի սկզբից և մինչև 2018-ի ապրիլ միայն Գերմանիայում ապաստանի ստացման համար ավելի քան 1.5 մլն դիմում է ներկայացվել: