19/04/2019 13:20
Եթե ցեմենտի գործարանը 200 հազար դոլարով է ձեռք բերվել, նվեր կտամ հայտարարողին, եթե չէ, թող պատասխան տա իր հայտարարության համար. Ծառուկյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոչ է արել խմբակցության պատգամավորներին ԱԺ-ում քննարկումների ժամանակ զերծ մնալ անձնական վիրավորանքներ պարունակող ելույթներից:
«Մենք ոչ մեկին չենք ուզում նեղացնել ու վիրավորել, բոլորին զգուշացրել եմ, որ որևիցե մեկին անձնական վիրավորանք չհնչեցվի, թույլ մարդը դա կարա անի միայն: Պայման ունենք՝ անձնական վիրավորանք չկա: Եթե փորձում են վիրավորել, ապա տասնապատիկ կստանան փաստացի», - ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Նա ընդգծեց, որ այսօր ամենամեծ պատասխանատվությունը «Իմ քայլի» վրա է, ոչ թե ԲՀԿ-ի, իսկ ԲՀԿ-ն իր տեսակետն է ներկայացնում, որի հետ «Իմ քայլը» կարող է կամ համաձայնել կամ ոչ: Ծառուկյանը նաև հակադարձեց «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գևորգյանի այն հայտարարությանը, թե «Արարատ ցեմենտի» գործարանը Ծառուկյանը գնել է 200 հազար դոլարով:
«էսօր մեր նպատակը հեղափոխությունից հետո մի լավ բան անելն է, փոխանակ հարցը էսօր քննարկվի, ասում է՝ ցեմենտի գործարանը քանիսով է ձեռք բերվել: Ձեր ցավը տանեմ, եթե 200 հազար դոլարով է ձեռք բերվել, ես նվեր տամ հայտարարողին, թող նայի, բայց եթե այդքանով ձեռք չի բերվել, մյուս օրը ինքը դրա համար պետք է պատասխան տա, թե ինչի համար է այդպիսի հայտարարություն անում», - ասաց նա:
Խոսելով այն մասին, որ պարսկական ցեմենտն ավելի որակյալ է, Ծառուկյանն ասաց.
«Տո ձեր ցավը տանեմ, եթե պարսկական ցեմենտն ավելի որակյալ է, ինչո՞ւ են էսօր բոլորը կարգադրություն ստացել բալկաները պարսկական ցեմենտով չանել: Պարսկական ցեմենտի առավելությունն այն է, որ գիպսը մեջը շատ է, ավելի շուտ է չորանում, թե չէ ցանկացած ներկրող իր տան համար մեզ մոտից է ցեմենտ տանում», - ասաց նա՝ նշելով, որ մեծ հաշվով տեղականի գինն ու ներկրվածինը նույնն է, տարբերությունը 500 դրամ է կազմում, մինչդեռ արտադրությունը կանգնեցնելու դեպքում, գինն ավելանալու է:
Ծառուկյանի ելույթը երկարեց, ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ ժամանակը սպառվել է, Ծառուկյանն էլ հակադարձեց. «Է, դե չեք թողում խոսանք»:
Մի քանի րոպե անց ԱԺ փոխնախագահը կրկին զգուշացրեց, որ ժամանակը լրացել է, ինչին ի պատասխան Ծառուկյանը բորբոքված ասաց. «Ուրեմն ես ասեմ՝ հարգելի փոխնախագահ, պետք է թույլ տաք մարդը իր պատասխանն ասի»:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ հակադարձեց. «Ես թույլ եմ տալիս, օրենքը թույլ չի տալիս, պարոն Ծառուկյան»:
«Լավ, ես դրսում կխոսեմ», - ասաց Ծառուկյանը: