19/04/2019 11:29
Այլ ցեմենտարտադրողների հետ հանդիպել ենք, որ չասեն՝ «Ծառուկյանը նիվա է նվիրել». Հայկ Սարգսյան
Ցեմենտը ներմուծելու համար յուրաքանչյուր տոննայի դիմաց 22 հազար դրամը կարող է հավասարակշռել իրանական և հայկական ցեմենտների գինը, ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի և հարակից նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
«Սրա արդյունքում բնական մրցակցությամբ հնարավոր է, որ ցեմենտի գինն ավելի նվազի, նաև մեր արտադրողները աշխատեն իրենց ցեմենտի որակի վրա, որպեսզի շուկան չզիջեն իրանական ցեմենտին: Այս նախագիծը բխել է և բխելու է ՀՀ քաղաքացիների մեծամասնության շահերից: Պետք է այնպես անենք, որ ՀՀ-ում ցեմենտի գները գնալով նվազեն և որակը բարձրանա ու դրա համար կարևոր նախապայման է, որ ՀՀ ներմուծվի իրանական ցեմենտ», - ասաց պատգամավորը:
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե ԱԺ տնտեսական հանձնաժողովի պատգամավորները հանդիպել են ցեմենտ արտադրողների հետ, որը հավանաբար իրեն պատկանող «Արարատ ցեմենտի» դեմ է ուղղված, Սարգսյանն ասաց.
«Այո, մենք հանդիպել ենք ու տարօրինակ կլիներ, եթե չհանդիպեինք: Այդ դեպքում որոշ լրատվամիջոցներ կասեին՝ ինչո՞ւ չեն հանդիպել մյուս ցեմենտ արտադրողների հետ, մի՞թե Գագիկ Ծառուկյանը նրանց նիվա է նվիրել»: