19/04/2019 11:26
Վերջին վեց ամսվա ընթացքում ԱԻՆ-ը սպասարկել է 1 մլն հեռախոսազանգ. Ֆելիքս Ցոլակյան
Վերջին վեց ամսվա ընթացքում ԱԻՆ-ը սպասարկել է 1 մլն հեռախոսազանգ, տարվա ընթացքում` 2 միլիոն զանգ, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Միշտ չէ, որ զանգերն ահազանգեր են, օրինակ, լինում են, երբ հարցնում են եղանակը, սխալ հեռախոսհամար են հավաքած լինում և այլն: Եղանակային պայմանների հետ կապված` ահազանգերի թիվն էլ տարբեր է լինում: Վերջին վեց ամսում, օրինակ, ունեցել ենք 2300 դեպք, քարաթափման, սողանքների մի քանի դեպքեր: Բոլոր վթարների վերացմանն ակտիվ մասնակցություն են ունեցել փրկարարները: Ցավոք, շատ մարդկանց կյանքեր փրկելուց ունենում ենք նաև մահեր», - ասաց նախարարը` ազգաբնակչությանը զգոնության կոչ անելով:
Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ իրենք պրոֆեսիոնալիզմի հասել են ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ, այնքան, որ պատրաստ են արտակարգ իրավիճակներում անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք մեկնել այլ երկրների իրենց գործընկերներին:
Նախարարը գոհունակություն հայտնեց նաև միջազգային համագործակցության առումով:
«Լուծված է փրկարարի համազգեստի, վառելիքի հարցը: Փրկարարը ստանում է օրենքով նախատեսված վերջին կաթիլ բենզինը, ինչն առաջ չի եղել: Ինչ վերաբերում է փրկարարների աշխատավարձերին, ապա կառավարության կողմից մեզ տրամադրվեց որոշակի գումար, ինչը հնարավորություն տվեց տարվա ընթացքում 4 անգամ պարգևավճար տալ նրանց` իրենց աշխատավարձի չափով», - ասաց նախարարը:
Անդրադառանալով տեխնիկական զինվածության մակարդակին` Ֆելիքս Ցոլակյանը նկատեց, որ տարվա սկզբին ԱԻՆ-ին տրամադրվել է 10 ամենագնաց մեքենա, նաև` 18 հրշեջ, ևս 20-ը նախատեսվում է ընթացքում ստանալ` այսպիսիով թարմացնելով նախարարության ավտոպարկը: