19/04/2019 11:43
Սուպերնախարարություն ստեղծելուն դեմ եմ. Ֆելիքս Ցոլակյան
Մենք դեմ չենք, որ Հիդրոմետ ծառայությունը ԱԻՆ-ից տեղափոխվի Բնապահպանության նախարարության կազմ, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկին` ԱԻՆ-ը միացնել ոստիկանությանը` այսպիսիով ստեղծելով սուպերնախարարություն, գործադիրի ներկայացուցիչը նկատեց, որ ոստիկանությունը պատժիչ ֆունկցիա ունի, մինչդեռ ԱԻՆ-ը` ավելի մարդասիրական:
«Հումանիտար ու պատժիչ գործունեություններն իրար չեն «բռնում»: Ոստիկանության դերը պետք է կոնկրետացվի, սուպերնախարարություն ստեղծելուն ես դեմ եմ», - ասաց Ցոլակյանը:
Նախարարը միաժամանակ նշեց, որ իրենք առաջիկայում կառավարությանն առաջարկ են ներկայացնելու բարձրացնել ԱԻՆ ոչ սպայական կազմի աշխատավարձերը: Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ շարքային անձնակազմի միջին աշխատավարձը ներկայում 115 հազար դրամ է, սպայական կազմինը` 230 հազար դրամ: