19/04/2019 11:58
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Արարատյան դաշտում և մյուս ցածրադիր գոտիներում ցրտահարություն չի լինելու. Ցոլակյան
Հանրապետությունում կա 300-ից ավելի սողանքային գոտի, որոնցից ակտիվ է 130-ը, զբաղվում ենք առանձնապես վտանգավորներով, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը` առանձնացնելով Լոռու մարզում սողանքներից մեկը, որը արտակարգ իրավիճակներում կարող է խաթարել անգամ երկաթգծի աշխատանքը:
«Սողանքներ կան, որ համայնքի ներսում են, օրինակ, Սարի թաղում: Սա արդեն համայնքային խնդիր է», - ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է եղանակին, ապա, Ֆելիքս Ցոլակյանի խոսքով, ամենացուրտ օրերը լինելու են ապրիլի 20-ը և 21-ը: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Արարատյան դաշտում և մյուս ցածրադիր գոտիներում ցրտահարություն չի լինելու: Սակայն կարկուտ, հնարավոր է, տեղա:
«Մենք ունենք 500-ից ավելի հակակարկտային կայան: Հրթիռային կայանները գնվել են Ռուսաստանից, բերվել է 100 հրթիռ: Առաջարկություն է եղել այլ երկրից էլ գնել, սակայն ես կանգնեցրել եմ պրոցեսը: Կարկուտ հիմնականում լինում է Արարատի, Արմավիրի և Շիրակի մարզերում, այն դեպքում, երբ կան մարզեր, որտեղ կարկուտ համարյա չի տեղում: Սակայն Արմավիրի մարզում` ատոմակայանի գոտում, կրակել չի կարելի, օդանավերի ուղղությունները ևս Արմավիրի մարզի տարածքում են, այդ գոտիներում ևս չի կարելի կրակել: Մենք առաջարկում ենք ավելի մեծ ուշադրություն դարձնել կարկուտներից պաշտպանող ցանցերին», - ասաց նախարարը: