22/04/2019 14:16
ՀՀ քաղաքացուն սպառնալ, թե «դուք Մարտի 1-ից դասեր չեք քաղել», որևիցե մեկն իրեն այլևս չի կարող թույլ տալ. Ալեն Սիմոնյան
Այս օրենքն այն մասին է, որ ՀՀ-ում այլևս ոչ ոք իրեն չպետք է թույլ տա Ազատության հրապարակը անվանել թատերահրապարակ, ԱԺ-ում «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այս օրենքն այն մասին է, որ օլիգարխների սափրագլուխներն այլևս ձեռք չեն բարձրացնելու ժողովրդի վրա, այս օրենքը այն բանի մասին է, որ ոստիկանն այլևս ձեռք չի բարձրացնելու ՀՀ ժողովրդի վրա, որ ՀՀ-ում արտոնյալներ և անձեռնմխելիներ չկան, և ի վերջո, որ ՀՀ քաղաքացուն սպառնալ, թե «դուք Մարտի 1-ից դասեր չեք քաղել», որևիցե մեկն իրեն այլևս չի կարող թույլ տալ», - ասաց ԱԺ փոխնախագահը:
Իր ելույթում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ընդգծեց, որ օրենքի նախագծի քննարկումը սիմվոլիկ է ստացվել՝ նկատելով.
«Մեկ տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ողջ աշխարհի առջև սպառնաց ՀՀ քաղաքացիներին՝ ասելով՝ «դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից»», - ասաց նա:
Միրզոյանն ընդգծեց, որ 2008 թվականին ՀՀ քաղաքացիներին և պետականությանը հասցված հարվածը հաղթահարելու համար պահանջվեց ուղիղ տասը տարի. «Ինչ եղավ հետ, շատ հուզիչ էր: Սա ասում եմ առանց հումորի»:
Հիշեցնենք, որ օրենքի նախագծով առաջարկվում է աջակցություն տրամադրել մարտի 1-2-ի իրադարձությունների հետևանքով ստացված վնասվածքի պատճառով զոհված կամ մահացած անձի իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձանց կամ այն անձանց, որոնց առողջությանը պատճառվել է ծանր կամ միջին ծանության վնաս: Աջակցության ձևը կհստակեցնի կառավարությունը: